Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

«Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսներին։

Ես չեմ պատրաստվում արձագանքել իմ ադրբեջանցի գործընկերների ողջ ելույթին, միայն կհորդորեմ պայքարել ձեր սեփական ժողովրդավարության համար, ձեր երկրի համար և չտարածել ստեր այս պատվարժան կառույցի հարկի տակ։ Իսկ հիմա ես ավելի կարևոր ասելիք ունեմ.

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Արդեն հինգ ամիս է ինչ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, որի արդյունքներով խորհրդարանական 9 հոգանոց խմբակցության ներկայացուցիչը այդ նույն խորհրդարանի կողմից ընտրվել է Վարչապետի պաշտոնում, սակայն խորհրդարանում մինչ օրս չունի մեծամասնություն, որի վրա կարող է հենվել և կյանքի կոչել հեղափոխության նպատակն ու ծրագրերը։

Առանց խորհրդարանի մեծամասնության աջակցության անցած հինգ ամիսների ընթացքում գործադիր իշխանությունը անզիջում և արդյունավետ պայքար է մղում երկրում արմատացած համակարգային կոռուպցիայի դեմ, որի հետևանքով վստահաբար կարող եմ պնդել, որ չկա մի գործող նախարար կամ նորանշանակ որևէ գերատեսչության ղեկավար, որը կոռումպացված լինի։ Բնականաբար ամբողջ այդ համակարգը կազմալուծելու համար դեռ շատ գործ ունենք անելու, բայց այսօր կանգնած ենք կարևոր մարտահրավերի առջև, որը նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։

Օգտվելով այս հնարավորությունից, սիրելի պատվիրակներ, գործընկերներ ես ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ այլևս անհետաձգելի խնդիր է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը պետք է կազմակերպվի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ ամբողջ գործընթացների հիմքում ունենալով մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։

Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս չի հաղթահարհել քաղաքական ճգնաժամը, որի արդյունքներից է նաև այսօրվա իրավիճակը, երբ մի ամբողջ կառավարություն 105 անդամից բաղկացած խորհրդարանում չունի քաղաքական մեծամասնություն։ Այսպիսով, այս քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու հեղափոխության գաղափարների և արժեքների վերջնական հաստատմանն է միտված վարչապետի կողմից նախաձեռնված անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումը, առանց որի Հայաստանը չի կարող դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից, որը իր հերթին հղի է սահմանադրական ճգնաժամի վերածվելու վտանգով։

Ամփոփելով խոսքս, կոչ եմ անում վեհաժողովին իր հետևողական աջակցությունը ցուցաբերել Հայաստանի նոր իշխանություններին կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարում, համակարգային բարեփոխումների իրականացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործում, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու ընթացող ժողովրդավարական պրոցեսներին, քանի որ Հայաստանում իրականացվող փոփոխությունները միտված են օրինակելի ժողովրդավարության հաստատմանը»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *