Քաղաքականություն

Էջմիածնի քաղաքապետի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 

Հարգելի´ պարոն վարչապետ.

Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում:

Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած, որ ներկայացված էր օրենքի խախտումներով: Մենք որեւէ կերպ չխանգարեցինք հանրահավաքի անցկացմանը: Նույն այդ անձինք դիմել են նաեւ հունիսի 22-24-ը հանրահավաքի անցկացման համար: Իսկ այսօր` հունիսի 16-ին օրինական արտոնված հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ կարեն Գրիգորյանին աջակցողները: Եվ հակառակ դրան, նույն այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները` հնարավորություն չտալով մեզ իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին, այսօր առավոտվանից էլ Էջմիածնում փողոցներ են փակում եւ հենց հիմա էլ քաղաքի հրապարակում են` այն վայրում, որտեղ օրինական հանրահավաքի թույլտվություն ունեն իմ կողմնակիցները: Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա, սակայն, ինչպես նշեցի` ունենք Ձեր աջակցության կարիքը:
Կանխավ շնորհակալությամբ եւ շուտափույթ արձագանքի ակնկալիքով`

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *