Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրությունը խորհրդարանականի նախերգանքը չէ. քաղաքական ուժերը նոր մեխանիզմներ կկիրառեն

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կլինեն ԱԺ ընտրությունների նախերգանքը, իսկ քաղաքական ուժերը նոր մեխանիզմներ կփորձարկեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Նրա կարծիքով՝ ավագանու ընտրության քարոզարշավը սովորական քարոզարշավ կլինի, իսկ հիմնականում շեշտադրումը պետք է դրվի, որ նոր Հայաստանին պետք է նոր մայրաքաղաք։

«Քաղաքային կառավարման ծրագրեր էլ կներկայացնեն, բայց հիմնականում շեշտադրումները կլինեն քաղաքական»,- նշել է մեկնաբանը։

Հարցին, թե հնարավո՞ր է ավագանու ընտրություններում ընդդիմադիր բևեռ ձևավորվի, Արմեն Բաղդասարյանը պատասխանել է. «Չգիտեմ ԲՀԿ դիրքորոշումը, եթե ընդդիմադիր բևեռ ձևավորվելու խնդիր առաջանա, հիմնական հավակնորդը ԲՀԿ-ն է։ Այլ շատ ուժեր կմասնակցեն, բայց հիմնական մրցակցությունը կլինի իշխող ուժի և ԲՀԿ-ի միջև, եթե ԲՀԿ-ն շարունակի պնդել, որ հավակնում է 50+1 տոկոսի»։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ կարծում է, թե շատ բան կախված է այն բանից, թե երբ կլինեն ընտրությունները, որովհետև կառավարության որոշման խնդիրն է, իսկ ժամկետի առումով կարող է մի քանի ամիս հետո լինել, նույնիսկ խոսակցություն կա, որ կարող է խորհրդարանի ընտրությանը զուգահեռ լինել։ «Եթե ավելի շուտ է կատարվում, դժվար է տանել այն տրամաբանությամբ, ինչ եղել է նախկինում։ Նախկինում հիմնականում թիրախավորվել է Հանրապետական կուսակցությունը, և դրա վրա է կառուցվել քարոզչությունը։ Հիմա դա բարդ է, թիրախավորել գործող իշխանությանը նույնպես բարդ է»,- նշել է նա և հավելել. «Կգտնվե՞ն ուժեր, որոնք իսկապես քաղաքային կառավարման հանրամատչելի և գրավիչ ծրագրեր կներկայացնեն, թե՞ ինչ-որ լղոզված և անորոշ օրակարգով հանդես կգան, որը որևէ առումով հարց լուծելու ունակ օրակարգ չէ»։

Ըստ Բադալյանի՝ քարոզարշավում քաղաքական շեշտադրումների բավական լուրջ բարդություն կա, որովհետև գործող իշխանությունների, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պիտի դուրս գան։ «Իսկ դա հանրային բացասական ընկալում կառաջացնի, մյուս կողմից՝ ինչի՞ն դեմ դուրս գաս, երբ նոր իշխանություն է։ Հանրապետական քաղաքապետը հեռանում է, ՀՀԿ-ն չի մասնակցում, մյուս ուժերը կամ հստակ գրավիչ ծրագիր ներկայացնեն քաղաքային կառավարման, կամ էլ՝ լղոզված դաշտում որևէ ուժ, գործող իշխանության թիմից բացի, չի կարող հաջողության հասնել»,- նկատել է նա։

Բադալյանը նաև չի կարծում, թե ավագանու ընտրությունը խորհրդարանի ընտրության նախերգանքն է, որովհետև ԱԺ ընտրությունները բազմաթիվ քաղաքական, նույնիսկ արտաքին քաղաքական գործոններ են պարունակելու, որտեղ Երևանի ընտրությունը չափազանց նեղ հարց է, որ որևէ բան սկզբնավորվի։ «Գուցե ինչ-որ տարրեր կիրառվեն, բայց պատճառահետևանքային կապ չեմ տեսնում»,- նշել է Բադալյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *