Քաղաքականություն

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը չկայացավ (տեսանյութ)

Այսօրվա նիստում  ավագանին պետք է Երևանի քաղաքապետ ընտրեր:

Առաջադրվել էր միայն մեկ թեկնածու՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Ելք» և Հանրապետական խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 30 րոպե առաջ հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում՝ հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում՝ նիստը համարվում է չկայացած։

«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»,- հայտարարեց Կամո Արեյանը։

Նիստին ներկա էին ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Պաշտոնական

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ և 46-րդ հոդվածների և Երևանի ավագանու 2018թ. հուլիսի 12-ի 154-Ա որոշման համաձայն, 2018թ. հուլիսի 16-ին նախատեսված Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության Երևանի ավագանու նիստի սկզբում նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը հայտարարել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ավագանու նիստը իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին (Երևանի ավագանին ունի 65 անդամ): Սակայն այդ պահի դրությամբ նիստին ներկա են եղել ավագանու միայն հինգ անդամներ և քվորում չի ապահովվել: Հետևաբար, նիստն իրավազոր չի համարվել և, ղեկավարվելով Երևանի  ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետով, նիստը վարող Կամո Արեյանը հայտարարել է 30 րոպե տևողությամբ ընդմիջում:

Ընդմիջումից հետո նույնպես քվորում չի ապահովվել, որից հետո, ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետով, նիստը համարվել է չկայացած:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *