Քաղաքականություն

Երթը կմեկնարկի այնտեղից, որտեղ առևանգեցին Փաշինյանին (տեսանյութ)

Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ դեպի Հանրապետության հրապարակ երթով շարժվելու է Արցախի պողոտայի եւ Էրեբունի փողոցի խաչմերուկից:

«Այսօր ժամը 17:30-17:40 –ին կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ: Դա այն տեղն է, որտեղ 2018թ ապրիլի 21-ին  ինձ առեւանգեցին ԱԱԾ  եւ ոստիկանության աշխատակիցները, եւ ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, ոմանք նույնիսկ կմասնակցեն քայլարշավին եւ սա կլինի ազգային համերաշխության մի առանձնահատուկ դրսեւորում, որովհետեւ այսօր մեր միջեւ բաժանարար գծեր չկան: Ոստիկանությունը, ԱԱԾ, հասարակությունը, ժողովուրդը, բանակը, զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում եմ եւ մեզ այսօր ոչ մի գիծ չի բաժանում: Եւ սա իսկապես պետք է դառնա ազգային համերաշխության յուրօրինակ դրսեւորում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խնդրեց, որպեսզի հանրահավաքի մասնակիցները  այսօր  ագրեսիվ պահվածքի որեւէ դրսեւորման ագրեսիվությամբ չպատասխանեն:

«Մենք արդեն փորձ ունենք իրականացնելու այնպիսի  զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են հարյուր-հազարավոր մարդիկ: Բոլոր կանխատեսումներով այսօր էլ մեր հանրահավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու եւ այս պայմանները յուրաքանչյուրիցս պահանջում  է առանձնահատուկ պատասխանատվություն,  առանձնահատուկ զսպվածություն»:

Փաշինյանը չբացառեց, որ կլինեն ագրեսիվության դրսեւորումներ, ուղարկված մարդիկ, բայց դրանց չպետք է պատասխանել  ագրեսիվությամբ, իսկ եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին պետք է պատասխանեն իրավապահ մարմինները, դիմել ոստիկանություն:

«Նրանք,  ովքեր ցանկանում են, խնդրում եմ եկեք միացեք մեր քայլարշավին, որ գանք Հանրապետության հրապարակ, որտեղ կսկսվի բուն միջոցառումը, որտեղ ես հանդես կգամ ծավալուն ելույթով եւ մենք շատ լուրջ խոսակցություն կունենանք»,-հայտնեց Փաշինյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *