Աննախադեպ է... Այդպես լինում է, երբ թշնամին հասնում է սուրբ-սրբոցին, երբ զիջելու ոչինչ չի մնում: Սովետական պատմագրությունը այդ իրավիճակը բնութագրում է «հետևում Մոսկվան է» լակոնիկ և շատ խորիմաստ արտահայտությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քո այսօրվա գերնպատակը պետք է լինի ոչ մի օր հանգիստ չտալ ստահակին, թալանչուն, մանր ու մեծ կաշառակերին, ապօրինության հեղինակին, սանձարձակին, լկտիին, հղփացածին, անբարոյականին, ազգուրացին, թույլին հալածող սանձարձակին և էլի ու էլի մեր հասարակությունը սպանող հազար ու մի արատներ կրող երկոտանի կենդանիներին: Հայ մարդ, դու պարտավոր ես արժանի լինել քո առաջնորդին, առաջնորդ, որը վերցրել է հասարակությունը արատներից ազատող այնպիսի նշաձող, որին կնախանձեին ժողովրդավար համարվող բոլոր երկրները միասին վերցրած: Ազգովի պարտավոր ենք գիտակցել, որ եկել է արժանապատվությունը վերականգնելու, անկաշկանդ գործելու և արարելու ժամը՝ ի փառս մեր երկրի և մեր ժողովրդի:
Նիկոլը ինչքան էլ Աստծու պարգև լինի, ինչքան էլ վճռական լինի անձնազոհության գնալու, միևնույնն է, առանց մեր նվիրումի, առանց մեր անվերապահ նվիրվածության, ոչինչ չի կարող անել: Մի՞թե մենք ևս մեկ անգամ բաց կթողնենք մեր ժողովրդին տրված շանսը: Նախախնամությունը մեզ շնորհ է արել՝ օժտելով խելքով ու տաղանդով, հնարամտությամբ ու տոկունությամբ, հնարավորություն տալով անցնել պատմության լաբիրինթներով, հաղթահարել անմարդկային զրկանքներ և շարունակել մնալ ընտրյալների կողքին:
Ազգային անվտանգության ծառայության վերջին բացահայտումներից հետո բանական մարդու ուղեղում այնպիսի մի խառնաշփոթ և հույզերի ալեկոծություն է, որ սառը տրամաբանությունն անգամ անզոր է օգնելու հասկանալ, թե սա իսկապե՞ս կատարվում է մեզանում: Ակամա հարց է առաջանում, թե լա՛վ, որտե՞ղ է հերոսության, նվաստության ու ընչաքաղցության սահմանը, հնարավո՞ր է իսկապես դրանք տեղավորել մեկ մարդու մեջ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ չկան էլի ուրիշներ, որոնք դիմակավորված հրեշների նման տարիներ շարունակ գտնվել են և այժմ էլ գտնվում են մեր կողքին: Եվ հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր թաքստոցներից ու բներից հանել ժանտախտը և ներկայացնել հասարակության դատին, անկախ նրանից, թե քանի տարվա հնություն ունեն դրանք: Մենք մեր հասարակությունը պետք է վերածենք մեղվի փեթակի, որտեղ հասարակության անդամների իրավունքներն ու պարտականությունները նույնքան ներդաշնակ են որքան ներդաշնակ են մեղուների վարքը փեթակում: Երևի քչերը գիտեն, որ իրենց փեթակը ներխուժած ցանկացած թշնամի, նույնիսկ** մուկը,** որ** **չափերով այդքան մեծ է մեղվից, ենթարկվում է գրոհի և ոչնչացվում, և ապա դուրս հանվում փեթակից: Եթե դուրս հանելը փոքրիկ մեղուների ուժերից վեր է նրանք թշնամու անկենդան մարմինը պարուրում են մեղվամոմով՝ կանխելով հնարավոր հիվանդությունները: Մի թե՞ այդ իմաստուն կենդանիները չեն կարող հրաշալի օրինակ լինել մեզ համար:
Եվ ուրեմն, ես իմ պահոցից հասարակության պարսավանքին եմ ներկայացնում անուններ, որոնք առանց ամոթի նախաձեռնեցին և իրենց նմանների միջոցով ընթացք տվեցին մի նողկալի արարքի, ինչպիսին օրինավոր մարդուն նսեմացնելը, արժանապատվությունը ոտնահարելը և հետագա ամբողջ կյանքը թունավորելն է: Դրանք են՝ 2008 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրած Արմեն Գևորգյանը և Հովիկ Աբրահամյանը (խնայում եմ և մականուններով չեմ ներկայացնում, չնայած որ երկուսի դեպքում էլ դրանք հնչեղ են), վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը (աննախադեպ կեղծիքի հեղինակը և գլխավոր ձեղծարարը), ՀՀ քաղաքացիական ծառայության աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ՝ Սիմոն Սահակյանը, ՔԾԽ-ի նախագահ Մանվել Բադալյանը և վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը: Սրանք այն մարդիկ են, որոնք հնարեցին կեղծիքը, ձեռնամուխ եղան դրա իրագործմանը և ստորաբար ավարտին հասցրին այն: Եղելությունը հետևյալն է. հրահանգ իջեցվեց (ձայնագրությունները պահպանվում է) նախագահական երկու մասնաշենքերի հսկողությունը իրականացնող պետական պահպանության ծառայության տեսուչներին, որպեսզի վերջիններս արգելեն իմ մուտքը աշխատավայր: Խղճուկները այլ ճանապարհ չունենալով ինձնից ազատվելու, ուժի միջոցով արգելեցին իմ մուտքը և աշխատանքից անհարգելի բացակայության անվան տակ ձեռնարկեցին ինձ աշխատանքից հեռացնելու գործընթաց: Քանի որ դրան տեղյակ էին ամենաբարձր մակարդակով, հետևաբար իմ բողոքները, թերթերում լույս տեսնող հրապարակումները և բարձրացրած աղմուկը, նույնիսկ չափի մեջ հասցված վիրավորանքները որևէ արձագանք չունեցան, քար լռություն:
Ինձ հետ հաշվեհարդար տեսնելը ակտ էր, որի նպատակն էր կանխել նախագահի աշխատակազմի աշխատողների հնարավոր մասնակցությունը 2008 թվականին բռնկված համաժողովրդական շարժմանը: Ես զբաղեցնում էի նախագահի վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի պետի պաշտոնը, կիրթ ու գրագետ էի, ծանրություն կրելուց երբեք չէի խուսափում, սակայն հարմար չէի քաղաքացիական դիրքորոշման առումով: Իսկ Սերժի Հայաստանում, ինչպես հայտնի է՝ կարող էիր քեզ տրված հնարավորությունների սահմաններում գողանալ, խաբել, բռնանալ, ընտրակեղծիքներով զբաղվել, բայց երբեք քաղաքացիական դիրքորոշում չունենալ (այնպես որ, բացարձակ սուտ է Սերժի այն հայտարարությունը, որ ինքը Մանվելի ունեցվածքից տեղյակ չի եղել): Իսկ ես բացի նրանից, որ քաղաքացիական դիրքորոշում ունեի, մի ուրիշ «այիբ» ևս ունեի, ոչ գողանում, ոչ խաբում, ոչ էլ բռնանում էի, այսինքն ռեժիմի համար վտանգավոր մարդ էի:
Հ. Գ. Թավշյա հեղափոխությունը անզիջում պետք է լինի: հավատում եմ, որ բոլորի հերթն էլ գալու է: Այնպես որ, առա՛ջ Թավշյա հեղափոխություն:
Անդրանիկ Հարությունյան
Վանաձորի առաջին քաղաքապետ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, 2016 թվականի ապրիլ-մայիսին Արցախի սահմանների պաշտպանության մասնակից՝ վիրավոր կամավորական
0 Մեկնաբանություն