«Մենք ՀՔԾ-ում շատ ենք հարցաքննվել, մի անգամ էլ թող Ռոբերտ Քոչարյանը գնա, ոչինչ. թող ոտքը խերով լինի, որ մնացածներն էլ ըստ հերթականության գնան այդ վայր: Մեկ-մեկ էլ թող մեղավորները գնան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՔԾ-ում հարցաքննությանը:
Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ այլ հարցաքննություններ ևս կլինեն. «Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է. այդտեղ որևէ կասկած չկա, որովհետև Սահմանադրությամբ ամբողջ ուժային բլոկը իրեն էր ենթարկվում: Նախագահը իմունիտետ ունի իր քաղաքական գործունեության համար, բայց նմանատիպ քայլերի համար իմունիտետ չի կարող լինել. բանակի միջոցով իշխանության յուրացում է տեղի ունեցել»:
«Ժառանգության» վարչության նախագահի խոսքով՝ ոչ մի ոստիկան իր հաճույքի համար չի կրակում, եթե հրաման չի ստանում. «Շատ ոստիկաններ փախել են, որովհետև հասկացել են, որ եղբայրասպան կոտորած է լինում իշխանություն պահելու համար, ուրիշ ոչ մի բանի համար»:
Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց՝ եթե Քոչարյանը չէր հրաման տվել, ապա նա ուներ ուղիղ 40 օր՝ այդ հանցագործներին բացահայտելու և պատժելու համար. «Եթե ինքը չի հրաման տվել, այլ ուրիշներն են արել, ու ինքը չի պատժել, նշանակում է՝ ինքը հանցագործություն է պարտակել. Քոչարյանը կա՛մ հանցագործություն է կատարել, կա՛մ հանցագործություն է պարտակել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն