Քաղաքականություն

«Եթե Քոչարյանը համոզված է, որ էդքան վատը չի, թող ման գա Երեւանով՝ առանց թիկնապահների» (տեսանյութ)

Յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսքի իրավունք ունի: Սակայն խոսելուց եւ մեղադրելուց առաջ, որ իրեն թույլ չտվեցին ասուլիս անել, ըստ  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Քոչարյանը չպետք է մոռանա իր պաշտոնավարման տասը տարիները: 

«Երբ ինքը փակեց «Ա1+»-ը, Նոյան Տապանը, երբ մենք տեսանք եւ Հոկտեմբերի 27-ը՝ 99թվի, եւ տեսանք Մարտի մեկը՝ 2008-ի: Շատ ու շատ սպանություններ: Ու ղեկավարը, որն այսօր ազատ խոսում է , դատողություններ է անում, բայց ոչ մի մեղքի զգացում, ոչ մի ներողություն այն տառապանքին, որը կրեցին հազարավոր մարդիկ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Քոչարյանի երեկվա հարցազրույցից հետո, Ստեփան Գրիգորյանը հիշում է 2003թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածը, երբ ընդդիմության ներկայացուցիչներին  Քոչարյանի իշխանությունը խոսելու քիչ հնարավորություն էր տալիս:

«Լուրջ պայքար էր գնում ընդդիմության կողմից հասնել նրան, որ Հանրային հեռուստաընկերությամբ երկու րոպեից ավել ժամանակ տրվի նախագահի թեկնածուներին:  Ու հիմա, Ռոբերտ Քոչարյանը, որ ամեն ինչ արեց, որ այդ երկու րոպեն ընդամենը տան, ու էս նույն մարդը գալիս է մեզ դասեր է տալիս: Երեկ ինչքա՞ն ժամանակ խոսեց: Թող երկու րոպեում տեղավորվեր, որ ինքը փաթաթում էր մեր վզին»,-նշեց Գրիգորյանը:

Քաղաքագետը չի  պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենալու Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը. «Ոնց է ինքը ժողովրդի հետ հանդիպելու՝ հաշվի առնելով շատ նեգատիվ տրամադրություններն իր դեմ ուղղված: Երբ տարբեր կայքերում իրենց ելույթները դնում են, թող կարդան նաեւ մարդկանց  մեկնաբանությունները, թող տեսնեն՝ ինչ է մտածում ժողովուրդն իրենց մասին: Եթե ինքը համոզված է, որ էդքան վատը չի, թող ման գա Երեւանով՝ առանց թիկնապահների»:

Այսօր Ստեփան Գրիգորյանի  «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին։   Հայաստանյան վերջին քաղաքական  իրադարձություններն  ամփոփվել են մեկ գրքում:

Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական  իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն  ու վերլուծությունը՝  սկսած 2018 թ. մարտի 31-ից,  երբ  ընդդիմության  առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր  կողմնակիցների հետ, Գյումրի քաղաքի կենտրոնական  Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը,  երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը օգտակար կլինի  ոչ միայն հայ հասարակությանը, այլեւ միջազգային հանրությանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *