Քաղաքականություն

Եթե Մամիկոն Ասլանյանը լավ է աշխատում, ապա ես ու պարոն մարզպետը այլ իրականության մեջ ենք ապրում. Քրիստ Մարուքյան

Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը մինչ երեկ Լոռու փոխմարզպետն էր, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գնահատելով Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի աշխատանքը՝ ասել է, որ նա հեղափոխությունից հետո սկսել է լավ աշխատել: «Չեմ կարող ասել, թե գերազանց է աշխատում, բայց հեղափոխությունից հետո նկատվում են որոշակի դրական փոփոխություններ։ ՀՀԿ-ական քաղաքապետ կլինի, թե այլ կուսակցության քաղաքապետ՝ ինքը և ես պետք է գործենք օրենքի սահմաններում, այդ պարագայում ոչ մի խնդիր չի կարող առաջանալ»,- ասել էր Ղուկասյանը։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը զարմանում է, թե որտեղ է նորանշանակ մարզպետը տեսել քաղաքապետի լավ աշխատանքը. «Գուցե պարոն մարզպետը ունի այլ տեղեկություններ, որոնց ես չեմ տիրապետում, բայց ընդամենը երկու օր առաջ երաժշտական դպրոցի տնօրենի նշանակումը ճիշտ հակառակի մասին է վկայում։ Ծնողները արդեն բողոքում են, որ նշանակվել է մեկը, ով մի քանի այլ տեղեր է աշխատում և չի կարող որպես տնօրեն ամբողջական դրույքով աշխատել։ Մեր ավագանու անդամները եղել են տեղում, բացատրություններ են խնդրել, բայց ինչ-որ լղոզված պատճառաբանություններ են եղել։ Դրա մասին տեղյակ է նաև քաղաքապետը։ Ու եթե սա լավ աշխատանքն է, ապա ես ու մարզպետը այլ իրականության մեջ ենք ապրում»։

Նրա խոսքով՝ Մամիկոն Ասլանյանը ամեն գնով դարձել է քաղաքապետ, հիմա էլ կառչած է իր պաշտոնից, որովհետև այլ նպատակներ, այլ մղումներ ունենալով հանդերձ՝ շատ դժվար է հրաժարվել այդ պաշտոնավարումից, եթե հարկադրված չլինի դա անել։ Իսկ հարկադրված հրաժարական կարծես չի ստացվում, քանի որ ավագանու մյուս խմբակցությունները չմիացան «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

«Եվ ինչպես տեսնում ենք, թե՛ ՀՅԴ-ն ու թե՛ ՀՎԿ-ն որևէ արձագանք չտվեցին անվստահության գործընթացին, անգամ ԲՀԿ-ն չարձագանքեց անվստահության գործընթացին։ Մամիկոն Ասլանյանն էլ զգում է, որ տեղական մակարդակում լրիվ աջակցություն ունի։ Բայց սա մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է կուսակցությունների տեղական կառույցի գործունեությունը տարբերվում բուն կուսակցության, կուսակցության առաջին դեմքերի արած հայտարարություններից»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման երկու տարվա ընթացքում իրենք համոզվել են, որ ՀՀԿ-ի 17 տարի շարունակ իրականացրած անարդյունավետ կառավարումը որևէ փոփոխություն չի կրել:

«Նույն անարդյունավետությունը, նույն ուռճացված հաստիքները, ենթակա կառույցներում մարդկանց նշանակումը, ովքեր ամիսներով աշխատանքի չեն գալիս, և բազմաթիվ այլ ակնհայտ խնդիրներ։ Մենք գազոնների փչացման հետ կապված ուղիղ դիմեցինք հենց դատախազություն, և պատասխան եկավ, որ ամեն ինչ օրինական է, ու ոչ մի խնդիր չկա։ Հիմա քաղաքի տեսքի այլանդակման, փչացման հետ կապված որևէ մեկը պատասխան չի տալիս, պուրակների վերացման համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Ու սա՞ է քաղաքապետի աշխատանքի դրական միտումները»,- եզրափակեց Քրիստ Մարուքյանը։

Հոդվածը՝ «Առաջին լրատվական»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *