Քաղաքականություն

Գեներալ Մանվելի լուսանկարի խորհրդավոր պատմությունը. ո՞վ է կանգնած սադրանքի հետևում

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը՝ նշելով, որ այն արված է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ մեկուսարան), որտեղ պահվում է գեներալը: Հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց. այն քննադատեցին բոլորը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես են վերաբերվում Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին։ Նախ՝ Գրիգորյանի հանդեպ տակավին գոյություն չունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ու խախտվել է անմեղության կանխավարկածը, և հետո՝ նույնիսկ հանցագործներին նսեմացնել չի կարելի, անթույլատրելի է նրանց իրավունքների ոտնահարումը։

Գուցե այս պատմությունը նման աղմուկի առիթ չտար, եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը փաստացի չպատկաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ակամայից ստեղծվել է վենդետայի տպավորություն, թեև կտրականապես հրաժարվում ենք հավատալ այն վարկածին, թե կատարվածը քաղաքական պատվերի հետևանք է, նույնիսկ համոզված ենք, որ վարչապետը տեղի ունեցածի մասին իմացել է միայն հասարակական աղմուկից հետո՝ պոստֆակտում։

«Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար։ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք՝ պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։

Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում»,- ասված է լրատվամիջոցի տարածած հաղորդագրության տեքստում։

Մենք էլ ենք ուզում, որ պատկան մարմինները հայտնաբերեն և պատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ որևէ կերպ ստվեր չընկնի հեղափոխության վրա, հերքվի քաղաքական իշխանության որևէ ներկայացուցչի անգամ չնչին մասնակցությունն այս արարքին։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր դատապարտել է տեղի ունեցածը և հավելել է, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում: Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ՝ լուսանկարը հրապարակել չէր կարելի՝ անկախ անձի հանդեպ վերաբերմունքից:

«Այդ լուսանկարը չի արվել «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում: Երբ դատապարտյալին լուսանկարում են, և այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում, սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելուն: ԶԼՄ-ն պետք է ծանրութեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովհետև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել: Սա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում»,- մանրամասնել է նա:

Իհարկե, ամենևին կասկածի տակ չենք դնում Զեյնալյանի պնդումը, որ լուսանկարն արվել է ոչ թե ԱԱԾ մեկուսարանում, այլ ձերբակալվածների պահման վայրում, այսպես կոչված՝ КПЗ-ում, սակայն այս դեպքում պարզ չէ, թե ինչո՞ւ է ծառայողական քննություն իրականացնում արդարադատության նախարարությունը։ Ձերբակալվածների պահման վայրը գտնվում է ոստիկանության համակարգում․եթե Գրիգորյանի լուսանկարն արվել է այնտեղ, նշանակում է՝ ապօրինությունը տեղի է ունեցել նրա ձերբակալությանը հաջորդող մի քանի օրերի, առավելագույնը՝ երեք օրվա ընթացքում, երբ գեներալի գործը դեռ գտնվում էր ԱԱԾ վարույթում։

Արդյոք տարօրինակ չէ՞, ոչ ԱԱԾ կողմից բերման ենթարկված ու ձերբակալված մարդու տարածք կարողանում են ներթափանցել «օտար» մարդիկ, այն էլ՝ լուսանկարելու հնարավորություններով։ Այս հեքիաթին որևէ մեկը չի կարող հավատալ, ինչպես նաև այն վարկածին, որ լուսանկարը կարող էր արված լինել հերթափոխի հսկիչների կողմից. ՔԿՀ-ներում հերթափոխի անցնող հսկիչներն առավոտյան հանձնում են իրենց կապի միջոցները։

Նույնիսկ տարրական տրամաբանությունը հուշում է, որ այս լուսանկարի «հեղինակը» կարող է լինել մարդ, որը մեծ ազդեցություն ու ելումուտ է ունեցել ձերբակալվածների պահման վայր, այսինքն՝ ոստիկանության կամ ԱԱԾ ազդեցիկ աշխատող։ Վատ չէր լինի, որպեսզի արդարադատության նախարարից բացի՝ իրենց գերատեսչություններում կատարվածի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնեին նաև ոստիկանության պետն ու ԱԱԾ տնօրենը։ Պետք է հայտնաբերվի ու խստիվ պատժվի այն մարդը, ենթադրաբար՝ ազդեցիկ սպան, ով փորձել է «արջի ծառայություն» մատուցել հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Միայն այդպես կարելի է որակել խեղճացած գեներալի լուսանկարը Փաշինյանի թերթին փոխանցած մարդու արարքը։

Ի դեպ, տեղի ունեցածը մանրուք է թվում միայն առաջին հայացքից։ Նման «մանրուքների» պատճառով եվրոպական մի քանի երկրներում քաղաքական լուրջ ճգնաժամ է առաջացել, իսկ հարևան Վրաստանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության քաղաքական ֆիասկոյի առիթներից մեկը դարձավ բանտային մի սկանդալ։

Ի վերջո, մեր հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ովքեր են կասկածի տակ դրել հեղափոխության սիրո ու համերաշխության սկզբունքները. դա եղել է պետական համակարգում տիրող ամենաթողության հետևա՞նք, թե՞ մտածված սադրանք։

Հոդվածը՝ Առաջին լրատվականի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *