Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը դատապարտում է, որ շատերը մեղադրում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին՝ վերջինիս պաշտպանելու համար: Իրավապաշտպանը նաև սխալ է համարում ՀՔԾ պետի հրապարակային հայտարարությունները, որոնք կազդեն գործի քննության վրա։
«Այսինքն հրապարակային ասել, որ սա է ճիշտը, դա նույն պրակտիկան է, որի դեմ ուզում է պայքարել նոր իշխանությունը, այստեղ կասկած չկա, որ հայտարարված նպատակները և կիրառող մեթդները իրար հակասում են: Ես ամբողջովին համաձայն եմ Հայկ Ալումյանի հետ: Ես չէ, որ պետք է ներկայացնեմ նրա մասնագիտական գիտելիքները և ազնվությունը: Ինչպես նաև Արամ Օրբելյանը, ով ևս ընգրկված է փաստաբանական խմբում: Նա փայլուն գիտակ միջազգային իրավունքի: Փաստաբանների հանդեպ այդ ամոթալի արշավը լավ չէ՝ կապ չունի հրահանգով, թե անձնական ոգևորությամբ: Հետամնացություն է, երբ դատապաշտպանին նույնացնում են մեղադրյալի հետ: Հայաստանը օր առաջ պետք է հաղթահարի այդ խնդիրները:Պետք է ընթանա գործընթացը կոռեկտ և անբիծ ձևով, որը կբարձրացնի իշխանությունների պատիվը: Ամենաբարդ գործերը, հասարակության կողմից այսպես ասած չսիրված անձանց գործը պետք է ընթանա ոսկերչական ճշգրտությամբ»,- նշեց այսօր Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Մարդու իրավունքների նախկին պաշտպանը շեշտեց նաև, որ նման հնչողությամբ գործերը պետք է քննվեն անթերի՝ լավ նպատակին հասնելու համար: Նա կարծում է, որ չպետք է շտապողականություն ցուցաբերել, այլապես խախտվում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները և,ըստ նրա, եթե այսպես շարունակվի, մենք քսան տարի հետ կգնանք:
«Դրական նպատակի համար ստեղծված գործընթացը ընթանում է այդքան մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումով: Սա պայմանավորված է շտապողականությամբ, մարդկային գործոնն է պատճառը, որ ուզում են օր առաջ, ժամ առաջ հայտնել իր հավատարմությունը նոր իշխանություններին: Հնարավոր է, որ այդ նույն շտապողականությունը ունեն նաև նոր իշխանությունները: Իշխանություններն էլ են ուզում շատ արագ ապացուցել լայն հանրությանը»:
0 Մեկնաբանություն