Քաղաքականություն

Գործի հետևում կանգնած են շահագրգիռ ուժեր. Փաստաբանը բողոքարկել է Մասիսի քաղաքապետի կալանքի որոշումը

«Դատարանի որոշումը գնահատում եմ ապօրինի, քննիչի խոսքերը հիմնավոր չեն»,- «Մունետիկ լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի ու նրա եղբոր կալանավորման գործին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի որոշումը, և Դավիթ Համբարձումյանը և նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել էին, քանի որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանությանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, իսկ Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկների մոտ արձանագրված միջադեպերին Գոռ Համբարձումյանի առնչության վերաբերյալ։

Այսպես. նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետի եղբայր Գ. Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների նկատմամբ: Բացի այդ, պարզվել է, որ վերջինս մասնակցություն է ունեցել նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին։

Տիգրան Աթանեսյանը անհիմն է որակում նաև Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքը։ «Գոռ Համբարձումյանի մասով մեղադրանքը ևս համարում եմ ապօրինի»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ Համբարձումյան եղբայրների նկատմամբ նախաքննական մարմինը ընդգծված վերաբերմունք է ցուցաբերում։

«Անանուն ահազանգի հիման վրա կարված քրեական գործ է՝ տարօրինակ վկաներով, որոնք ոչինչ կա՛մ չեն տեսել, կա՛մ հրաժարվում են պնդել առերես իբր տեսածը։ Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ գործի հետևում կանգնած են շահագրգիռ ուժեր, և խնդրի սկզբնաղբյուրը պետք է փնտրել այլ տեղում»,- ընդգծեց փաստաբանը։

Տիգրան Աթանեսյանը նշեց, որ այսօր արդեն բողոքարկել են Դավիթ և Գոռ Համբարձումյանների կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը և արդարացի մոտեցման դեպքում ակնկալում են անհապաղ ազատ արձակում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն, որի հետևանքով մի շարք գյուղացիներ ստացել են վնասվածքներ, որոնցից մեկը՝ հրազենային։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 5-ին որոշում է կայացվել Դավիթ և Գոռ Համբարձումյաններին նոր մեղադրանք առաջադրելու մասին. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ընդհանուր առմամբ քրեական գործով տուժող է ճանաչվել 13 անձ, 12 անձ ներգրավվել որպես մեղադրյալ, որոնցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *