Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային համագործակցության 3+3 հնարավոր ֆորմատի վերաբերյալ։ Վարչապետը թեմայի վերաբերյալ խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով»․- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Հայաստանը անհրաժեշտ է համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, սակայն այս գործընթացը սկսելը դժվար է պատկերացնում այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո 5-6 օր է եղել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել:
«Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է, սա այն արձանագրումն է, որ մենք արել ենք»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային՝ վարչապետը հիշեցրեց, որ դեռ մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը՝ դեմարկացիաի և դելիմիտացիայի մասին:
«Եվ հիշում եք, թե ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց: Հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ այս փաստաթղթի ստորագրման պահը կորսվել և բաց է թողնվել: Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցես մի սահմանում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն արձանագրեց, որ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում սահմանին: Հիմա, կարելի է ասել, միջինացված բավականին ցածր են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: «Բայց նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ որ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել. մեկ տարվա ընթացքում՝ ընդամենը 5-6 օր, հրադադարն ամենօրյա ռեժիմով խախտվում է Արցախում: Չնայած Արցախում նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ 0 են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին, հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում»,-ասաց վարչապետը:
Հայաստանը կարևոր է համարում պայմաններ ապահովելը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի համար: Պայմանների ապահովման անհրաժեշտության մասին Հայաստանը նախկինում մի քանի անգամ արդեն արձանագրել է: «Ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագրում նույնպես ընդգծված է այդ անհրաժեշտությունը: Այո, մենք կարևոր ու անհրաժեշտ ենք համարում: Բայց այս պահին, հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների պայմաններում շատ դժվար է: Չնայած, մենք այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք»,- հայտնեց վարչապետը
0 Մեկնաբանություն