Քաղաքականություն

Հիմնադիր խորհրդարանը հանդես է եկել ուղերձով

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ուղերձը

Երկու տարի առաջ տեղի ունեցած Սասնա Ծռեր ապստամբությամբ կտրվեց ոճրագործ իշխանության կյանքի թելը։ Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցները 15 երկար ու ձիգ օրեր գրաված պահեցին ՊՊԾ Գունդը, որը դարձել էր իշխող բռնապետին ծառայող գործիք։ Այդ գործիքի միջոցով էր, որ ցեղասպան ռեժիմը  երկար տարիներ փորձում էր լռեցնել ժողովրդի ձայնը՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, նրան անարգելով  և նրա իշխանությունը ուզուրպացնելով։

Ապստամբությունը շոշափելի հաղթանակ չունեցավ, և նրա մասնակիցները որոշեցին վայր դնել զենքերը արյունահեղությունից խուսափելու համար։ Սակայն այդ ապստամբությունը, իր տեսակի մեջ անսպասելի և համարձակ լինելով, երկու տարի մշտական խուճապի մեջ պահեց ցեղասպան վարչախմբին և նրան զրկեց ժողովրդի վրա կրակելու մենաշնորհից։ Կոտրվեց կարծրատիպ,  և նա հասկացավ, որ չի կարող մշտական վախի մեջ պահել ժողովրդին և չի կարող իրեն ապահովագրել հետագա նմանատիպ ապստամբություններից։  

Հասկանալի է նաև, որ շարքային ոստիկանների և ընդհանրապես ոստիկանության շարքերում հետզհետե խորացավ այն համոզմունքը, որ իրենք բռնատիրական  վարչախմբի ձեռքին քավության նոխազ են հանդիսանում և բացառապես օգտագործվում են նրա սեփական շահը պաշտպանելու համար։

Դեռ ավելին, նրանք հասկացան, որ ինչպես ՊՊԾ գնդում զոհված ոստիկանները, այնպես էլ իրենք բռնապետական վարչախմբի զոհերն են։  Սա իհարկե չէր կարող էական դեր չխաղալ, և  2018թ․-ի ապրիլին սկսված համաժողովրդական ընդվզման ժամանակ ոստիկանության համեմատաբար զուսպ կեցվածքը կարելի է բացատրել հենց այդ համոզմունքով։

Այս ամենի հաշվառմամբ կարելի է ասել, որ, չնայած Ապստամբության  հայտարարած պահանջներն անմիջապես չիրականացվեցին, սակայն այն հսկայական ազդեցություն ունեցավ  և պարարտ հող ստեղծեց հետագա զարգացումների համար, և կնշանակի, Ապստամբությունը իր ուրույն տեղն է գտնելու հայոց պատմության էջերում և դեռ արժանանալու է շատ պատմաբանների արդար և անաչառ գնահատականին։

ՀԽ քարտուղարությունը իր երախտագիտությունն է հայտնում Սասնա Ծռերին իրենց կյանքը անձնվիրաբար Հայրենիքի ազատագրման զոհասեղանին անվարան  դնելու համար։

Սիրելի Սասնա Ծռեր, մեծ ակնածանքով շնորհավորում ենք ձեր Ապստամբության օրը, իսկ մեր ժողովրդին շնորհավորելու հետ մեկտեղ ասում ենք, «Շնորհավոր քո ըմբոստանալու և ապստամբելու իրավունքի օրը, հայ ժողովուրդ։ Չկա այդ իրավունքից առավել հզոր իրավունք։ Հայրենատեր լինելու առաջին քայլը այդ իրավունքի գիտակցումն է և սեփականացումը։»

Հիմնադիր խորհրդարան

 

17․07․2018թ․

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *