Քաղաքականություն

ՀՔԾ պետի աղմկոտ բացահայտումները կամ՝ ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը հայտնվել ազատության մեջ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահ է՝ Քոչարյանին ազատած դատավոր Ալեքսանդր Ազարյանը ենթակա էր բացարկման. երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ինքնին խնդիր չէ այն, որ Ազարյանը ժամանակին աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, սակայն կա մեկ այլ հանգամանք: «Պարոն Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ այս գործով՝ իմ խորին համոզմամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա Մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ այնպիսի ձևակերպումներով, որոնք վկայում են նրա կանխակալ վերաբերմունքի մասին»,- ասել է Ս. Խաչատրյանը՝ մեջբերելով այդ վճիռներից մեկից, որում դատավորը խաղաղ ցուցարարներին «ամբոխ, զանգվածային անկարգությունների մասնակիցներ» է բնութագրել:

«Սակայն ունենք մի իրավիճակ, երբ պարոն Ազարյանը, Վերաքննիչ դատարանի նախագահի արձակուրդում գտնվելու պայմաններում ժամանակավորապես իրականացնելով դատարանի նախագահի պարտականությունները, այդ համոզմունքների կրողը լինելով, սույն քրեական գործը մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ նման ձևակերպումներով մարդկանց է դատապարտել, և չհայտնելով այս մասին, որ ինքն արդեն իսկ ունի կանխակալ վերաբերմունք այս գործի, այդ դեպքերի վերաբերյալ, որոշում է կայացրել այս գործով»,- ասել է Խաչատրյանը։

ՀՔԾ պետը վստահեցրել է, որ դատախազությունն ու ՀՔԾ-ն նախապես չեն իմացել դատավորի կանխակալության մասին, իսկ երբ գործը քննվել է դատարանի ոչ լեգիտիմ կազմով, Քոչարյանին ազատելու որոշումն ապօրինի է:

Փաստորեն դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել մի դատավորի առնչությամբ, որը տասը տարի առաջ գործել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի տրամաբանությամբ և շինծու մեղադրանքներով ազատազրկման է դատապարտել ընդդիմության ինը գործիչների։ Ազարյանն այսօր, բնականաբար, չէր կարող արմատապես փոխել իր մոտեցումները և օբյեկտիվ դատաքննության արդյունքում որոշել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Եթե նա սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով անփոփոխ թողներ Քոչարյանի խափանման միջոցը, ապա ակամայից կխոստովաներ, որ տասը տարի առաջ կայացրել է ինը ապօրինի դատավճիռներ՝ հարկադրված լինելով հիմնավորել նաև, թե ինչ գործոնների արդյունքում է նման վարքագիծ դրսևորել։

Սակայն մինչ Ազարյանի որակներին ու մոտիվներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում խոսել ՀՔԾ-ի ու գլխավոր դատախազության ոչ պրոֆեսիոնալ, թափթփված գործելաոճի մասին։ Բացարձակապես տեղին ու համարժեք չէ Սասուն Խաչատրյանի այն արդարացումը, թե իր գերատեսչությունն ու դատախազությունը նախապես չեն իմացել դատավորի կանխակալության մասին։ Իսկ ինչո՞վ էին զբաղված այս մարմինները, եթե չէին ճշտում այդ հույժ կարևոր տեղեկատվությունը՝ մանավանդ, որ ժամանակակից ինֆորմացիոն բազայի պայմաններում նման փաստերը ստուգելը թերևս րոպեների հարց է։ Ինչի՞ց է սնվում դատախազության կամ ՀՔԾ-ի ինքնավստահությունը. արդյո՞ք նրանք հույսները դրել են Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության բարձր հեղինակության վրա՝ թաքնվելով դրա ստվերում, թե՞ այս կառուցների որոշ օղակներում գործ ունենք սաբոտաժի երևույթի հետ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ճողոպրի երկրից կամ ազատության մեջ գտնվելով՝ խոչընդոտի քննությանը, ապա Ազարյանի հետ միասին ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը կրելու են Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման գործընթացի տապալման ողջ պատասխանատվությունը։

Մյուս կողմից՝ խիստ էական է այն հանգամանքը, թե արդյո՞ք պլանավորված է եղել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու արձակուրդը, և դա, այսպես ասած, հանդիսացել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու օպերացիայի մի մասը՝ մանավանդ, որ Ռշտունուն ժամանակավորապես փոխարինել է նույն Ազարյանը, որն էլ երկրորդ նախագահի գործը մակագրել է հենց իր վրա։ Որպես կանոն, դատավորներն աշխատում են հեռու մնալ նման գործերից, մանավանդ՝ հակասական իրավիճակներում, երբ ցանկացած որոշման պարագայում դառնալու են որոշակի ճնշումների թիրախ։

Ազարյանն ինչ-որ մոտիվացիա է ունեցել, երբ գործը մակագրել է իր վրա. արդյո՞ք դեր են խաղացել հին կոմպրոմատները, որոնք, անշուշտ, կարող էին լինել՝ մանավանդ, որ, ինչպես տեսանք, այս դատավորը եղել է նախորդ համակարգի հնազանդ կամակատարներից մեկը՝ դրա դիմաց, անշուշտ, ստանալով ինդուլգենցիաներ, ու բացի այդ՝ նրա գործունեությունը եղել է խոշորացույցի տակ, երբ նա աշխատել է նախագահի աշխատակազմում։

Մյուս վարկածն է այն է, որ Քոչարյանի թիմն Ազարյանին առատ վարձահատույց է եղել՝ դատավորին մղելով «ինքնազոհաբերության»։ Եվ վերջապես՝ չի բացառվում, որ Ազարյանը ստացել է կայուն երաշխիքներ, որ այս որոշումը «կանաչ լույս» է վառելու նրա ճանապարհին։ Ո՞վ կամ ովքե՞ր կարող էին տալ նման երաշխիքներ. արդյո՞ք Հայաստանում դեռ պահպանվում է քրեաօլիգարխիայի ստվերային ազդեցությունը, ըստ այդմ՝ հակահեղափոխական ռևանշի վտանգն իրական է, թե՞ երաշխիք տվող կենտրոնը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ հայտնի հյուսիսային երկրում։

Սրանք կարևոր հարցեր են, որոնք լույս կսփռեն ոչ միայն դատական կոնկրետ նիստի ու որոշման, այլ նաև ավելի գլոբալ հարցերի վրա, որոնք վերաբերում են հեղափոխության ընթացքին, այն մարտահրավերներին, որոնք կախված են դրա գլխին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *