Քաղաքականություն

Հո կոլխոզ չի՞, որ բոլորս գնանք բաց ռեժիմով ապրենք. Շանթ Հարությունյան (տեսանյութ)

«Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին․ նա ապացուցեց, որ տարբերվում է մյուսներից»- այսպես սկսեց իր խոսքը Վարդաշեն ՔԿՀ-ից  Շանթ Հարությունյանը։

 Նշենք, որ բավարարվել էր Շանթ Հարությունյանի պահանջը, և նա այսօր  լրագրողների ներկայությամբ  խոսելու հնարավորություն ունեցավ։

«Հեղափոխությունից անմիջապես հետո պետք է համաներում լինի։ Եթե ես լինեի հեղափոխության հեղինակը, ապա չէի սպասի, որ սեպտեմբերի 21-ին կամ մայիսի 28-ին համաներում անեի, այլ միանգամից կանեի, դրա համար գումար պետք չէ»։

«Բաց ռեժիմն ազատություն չէ»,- ասում է Շանթ Հարությունյանը։

«Ես ուզում եմ արդարադատություն, հետևաբար՝ արդարացում։ Կան մարդիկ, ովքեր մեղադրւմ են ինձ դրա համար, նրանք ճնշում են ինձ, որպեսզի իմ արդար պայքարը շարունակեմ»։

Շանթ Հարությունյանի համար բաց ռեժիմն անընդունելի է։

«Հո կոլխոզ չի, որ բոլորս գնանք բաց ռեժիմով ապրենք։ Ասենք հյուր գնալուց պետք է սահմանված ժամին զրույցն ընդհատեմ ու գնա՞մ։ Ասենք ձմեռվա կես Մասիվից ո՞նց գամ ստորագրեմ, բա որ ձյունը խանգարի ու չկարողանամ տեղ հասնել։ Այ այսպիսի պրակտիկ հարցեր կան», -ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է,  թե չի միջամտելու դատական համակարգի գործերին, իսկ այդ ինչպե՞ս եղավ, որ մարտի մեկի գործը բացահայտվում է, կամ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել․ դա իհարկե  եղել է Փաշինյանի հրահանգով»,- հավելեց Շանթ Հարությունյանը։

«Վանեցյանն ո՞վ է, որ ինձ ասի արի բաց ռեժիմ»։

Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հեղափոխության ճակատին պետք է գրված լինի «հումանիզմ», որպեսզի մարդիկ դրա բարերար ազդեցությունը զգան։ Իսկ ԱԱԾ գործունեությանը Շանթ Հարությունյանը կասկածանքով է վերաբերվում։

«ԿԳԲ -ն ստեղծված է ռուսական շահերը սպասարկելու համար։ Եվ կապ չունի , որ հիմա անվանումը փոխվել է եւ դարձել ԱԱԾ։ Եթե ես լինեի վարչապետ, ԿԳԲ -ն կկիսեի երկու մասի՝ արտաքին եւ ներքին ստորաբաժանումների»։

«Նիկոլ Փաշինյանը թող իմանա, որ մարտի 1-ի գործով ինձ մեղադրանք են առաջադրել հենց նրա ելույթը ինձ վերագրելով »,-  ասաց Շանթ Հարությունյանը։        

«Մեկ տարի բանտում եմ, մեկ տարի էլ գժանոցում եմ տանջվել։ Հիմա թող Նիկոլն արժանապատվություն ունենա ու ասի, որ իր ելույթն են վերագրել ինձ»։

Շանթ Հարությունյանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում միջամտել արդարադատությանը:

«Փաշինյանը չի հասկացել, որ ոչ թե քաղաքական իշխանությունը չպետք է միջամտի, այլ պետք է միջամտի արդարադատության համար, հակառակ դեպքում ապօրինություններ են կատարվում»։

«Ինձ ուզում են բաց թողնել եւ զրկել քաղաքական հայացքներս քարոզելու հնարավորությունից։ Սա կեղտոտ ձեև է»,- ասում է Շանթ Հարությունյանը։

«Վանեցյանն ո՞վ, է որ ինձ ասի արի բաց ռեժիմ, դրանք ո՞վ են»։

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին բողոքի ակցիա կազմակերպելու համար Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *