«Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ», Hayeli.am-ի հարցին ի պատասխան նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի հետաքննության շրջանակներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին:
Հովիկ Աբրահամյանը հերքեց ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է ձևակերպված:
Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փաստացի սեփականատերը չէ:
«Ես ոչ այդ տարածքի, ոչ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև հաստատեց հրապարկված այն տեղեկատվությունը, թե ինքը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության.
«Այո, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:
Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, որ որոշ շահագրգիռ անձանց ևս խորհուրդ է տալիս չշտապել և չոգևորվել, սպասել քննության արդյունքներին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Hayeli.am»-ի կայքում:
0 Մեկնաբանություն