Քաղաքականություն

«Ինչպես կարելի է պատժի մեղմացումը ներկայացնել որպես ազատություն». Շ. Հարությունյան

6 տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին ոչ ոք ազատություն չի առաջարկում։ Սա պնդում է  նրա որդին  ու զարմանում, թե  ինչպես կարելի է պատժի մեղմացումը ներկայացնել՝ որպես ազատություն:

 Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն  ասել է, որ  վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել է այդ հարցով և պարզել, որ Շանթ Հարությունյանի և խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է:

«Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»,-իր ՖԲ-յան էջում գրել է  Արման Եղոյանը:

 Շահեն Հարությունյանը արձագանքում է, որ   պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Ըստ նրա, կա քաղաքական հաշվարկ՝ հորը բաց չթողնելու  հարցում։ Եվ չի բացառում հնարավոր ճնշումը Ռուսաստանի կողմից։

«Արդյո՞ք հանդիպումներից մեկի ժամանակ ռուսական կողմը չի ասելու, որ մեր հարաբերությունները խորացնում ես, այդ ինչպե՞ս է լինում, որ ազատ է արձակում հստակ ոչ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական գործչին»,- ասում է Շահեն Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ է հայտարարել,  որ ինքը դատական համակարգին չի միջամտելու, իսկ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ շատ անգամ  նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այդ դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու Շանթ Հարությունյանի հարցը։

«Վարչապետը կարող է հանգիստ դատախազին միջնորդություն ներկայացնել կամ հորդորել դատախազին, որ դիմի դատարան գործը վերաբացվի»,- ասում է Շահենը։

Շահեն Հարությունյանը հիշեցնում է, որ հեղափոխության օրերին և դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ է ասել, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու։

Նա  զգուշացնում է, որ մինչև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի սկիզբը, չլուծվի Շանթ Հարությունյանի արդարացման հարցը, ապա ինքը  անհնազանդություն կիրականացնի ու հոր քաղբանտարկյալ լինելու մասին կհայտարարի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու մյուս ղեկավարների մոտ։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ձերբակալվել է  2013թ. նոյեմբերի 5-ին և դատապարտվել 6 տարվա ազատազրկման։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *