Քաղաքականություն

Քաղաքական կամք է պետք. պատժի խստացումը ընտրակաշառքն իսպառ չի վերացնի, բայց կնվազեցնի

Երեկ կառավարությունը հավանություն տվեց ընտրակաշառք տալն ու վերցնելը քրեականացնելու նախագծին։ Այն ուղարկվեց Ազգային ժողով, և ԱԺ-ում այն ընդունելու համար սեպտեմբերի 6-ին արտահերթ նստաշրջան կգումարվի:

«Մեր կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը:

Այս առնչությամբ Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ»,- կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ մանրամասնելով, որ նախագծի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից այն տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրակաշառք բաժանելու կամ ստանալու համար պատժի խստացումը շատ կարևոր է, բայց դա ամբողջությամբ չի բացառելու ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելն ու ստանալը։ Բացի դրանից՝ պատժի խստացումից զատ առավել կարևոր է քաղաքական կամքը։ Հոկտանյանի խոսքերով՝ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից կա քաղաքական կամք նորմալ ընտրություններ անցկացնել։ Բացի դրանից՝ այլ երկրների փորձը ևս ցույց է տալիս, որ այսպիսի հեղափոխություններից հետո գոնե սկզբնական շրջանում նորմալ ընտրություններ են լինում։ «Դա եղավ 2003 թվականին՝ Վրաստանում վարդերի հեղափոխությունից հետո, երբ 3-4 ամիս անց խորհրդարանական և նախագահական ընտրություններ եղան, բավական նորմալ էին։ Նույնը Ուկրաինայում՝ 2004-2005 թվականներին նարնջագույն հեղափոխությունից հետո, կրկին Ուկրաինայում՝ 2014 թվականից հետո։ Այսինքն՝ սկզբնական տարիներին հեղափոխությունից հետո նորմալ ընտրություններ են լինում, քանի որ հիմնական լոզունգները լինում են կոռուպցիայի դեմ պայքարը, մաքուր ընտրությունները։ Դրա համար վստահ եմ, որ քաղաքական կամք կդրսևորվի, և էապես այդ երևույթը կնվազի»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ ընտրակաշառքի իսպառ վերացնելը հնարավոր չէ երաշխավորել, քանի որ երկու տասնամյակ ՀՀ քաղաքացիներին սովորեցրել են փողով քվեարկել։ «Վերացնել չի լինի, բայց պատժի խստացումից հետո կաշառքի չափսերն էապես կնվազեն։ Բայց կրկնում եմ, որ պատժի խստացումից զատ կարևոր է քաղաքական կամքը։ Նախորդ իշխանությունների ժամանակ էլ գնալով օրենսդրությունը խստացվում էր, բայց խստացումներից հետո ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվում, օրենքը չէր գործում։ Խստացումը պետք է ուղեկցվի պատժելիությամբ, պատժի անխուսափելիությամբ»,- ընդգծեց Հոկտանյանը։

Վարուժան Հոկտանյանը մեկ ուրիշ մտահոգություն ունի, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ չհայտնվեն արջի ծառայություններ մատուցողներ, որոնց մեր զրուցակիցը հանդիպել է, օրինակ, Ղրղըզստանում հեղափոխությունից անմիջապես հետո։ «Ես ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդ էի անմիջապես հեղափոխությունից հետո և տեսել եմ, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները, որոնք մնալով իշխանության մեջ, տեղամասերով փորձում էին, այսպես ասած՝ լավություն անել նոր իշխանություններին և հասկանալի է, թե ինչ էր ստացվում։ Ես դա տեսել եմ 1998 թվականին, Լևոն-Տեր Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ ՀՀՇ-ականը դարձավ երկրապահ և սկսեց Քոչարյանի օգտին աշխատել։ Հուսով եմ, որ այդ արջի ծառայություն մատուցողները այս անգամ չեն լինի՝ զգալով իրավիճակի փոփոխությունը»,- ասաց Հոկտանյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքերով էլ՝ իսկապես այս բնագավառում պատժի խստացումը կարող է դրական դեր խաղալ, որովհետև տարիներ շարունակ այս երևույթը որպես նորմա է ընկալվել, իսկ հիմա հնարավորություն է ստեղծվում դրա դեմ իրապես պայքարելու և արմատախիլ անելու։ «Նորություն չի, որ ընտրողների մի հոծ բազմություն, հատկապես անապահով խավը, ընտրությունները դիտարկում էին որպես յուրաքանչյուր ձայնի դիմաց որոշակի գումար ստանալու հնարավորություն։ Ընտրություններին նույն մոտեցումն ունեին ընտրվելու հավակնություն ունեցող շատ թեկնածուներ։ Այս ընկալումը պետք է ջարդվի, և ամենակարճ ու ամենաաշխատող տարբերակը կարող է լինել ընտրակաշառք տալու ու վերցնելու համար խիստ պատիժը։ Սա, իհարկե, իսպառ չի վերացնի այս երևույթը, բայց համապատասխան լծակները ճիշտ աշխատացնելու դեպքում կարող է այն նվազագույնի հասցնել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *