Քաղաքականություն

Քոչարյանը չարաչար սխալվում է․ մեղադրյալի և քաղաքական գործչի համատեղումը անտրամաբանական է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված իր երկրորդ հարցազրույցում չի բացառել, որ իրեն կրկին կազատազրկեն։ Այդ դեպքում, ըստ Քոչարյանի, Հայաստանը կստանա քաղաքական բանտարկյալ: Ավելին, նա անգամ խոսել է իր ազատազրկման դեպքում ՄԻԵԴ դիմելու մասին և նշել, որ ինքը վստահաբար Եվրոպական դատարանում հաղթանակ է տանելու: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը չգիտի, թե ով է առհասարակ ճանաչելու Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական բանտարկյալ, նա առաջարկեց Քոչարյանին ուսումնասիրել քաղբանտարկյալի կամ քաղաքական հետապնդման վերաբերյալ միջազգային մոտեցումները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպանը նշեց. «Որպեսզի Քոչարյանը շատ հեռու չգնա, կարող է իր նախագահության ժամանակահատվածում այն մարդկանց գործերն ուսումնասիրել, որոնք իր օրոք եղել են քաղաքական բանտարկյալ, և գուցե այս ամենն օգնի իրեն հասկանալու՝ ինչ է իրականում նշանակում քաղբանտարկյալ, բայց ՀՔԾ-ի կողմից քննվող այս քրեական գործի շրջանակում չկա որևէ հիմք, որի հիման վրա Ռոբերտ Քոչարյանը կարող է ունենա քաղաքական բանտարկյալի կարգավիճակ, քանի որ քաղաքական հետապնդում չկա։ Նա նշում է, որ վերադառնում է քաղաքականություն՝ դրանով հաստատելով, որ մինչ այդ քաղաքականության մեջ չի եղել, ուստի ինչ քաղաքական հետապնդման մասին կարող է խոսք լինել։

Ընդհակառակը, այս քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավելն ընդամենը որպես քրեական գործի շրջանակներ է վերադարձնում 10 տարի առաջ իր կատարած գործողությունների հիման վրա, որոնք իրենց բովանդակությամբ էլ չեն եղել քաղաքական, որովհետև զինված ուժերի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ոստիկանության ստորաբաժանումների օգտագործումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնությունների կիրառումը քաղաքական գործիքներ չեն եղել։

Այսինքն՝ նա բացարձակապես չգիտի, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ, չնայած իր նախագահության օրոք ունեցել ենք բավական թվով քաղբանտարկյալներ»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ ՄԻԵԴ դիմելու՝ իշխանություններին ուղղված «սպառնալիքներին», Արթուր Սաքունցը ողջունեց Ռոբերտ Քոչարյանին, որը, նրա խոսքերով, ի վերջո հասկացավ, որ Եվրոպական դատարանը կարևոր ինստիտուտ է, որովհետև ժամանակին նա հայտարարում էր, որ Եվրոպայի խորհուրդը պոլիտբյուրո չէ, բայց հիմա նա իր նշած պոլիտբյուրոյի մարմնին է ուզում դիմել։

«Սա բավական առաջընթաց է, գոնե հիմա հասկանում է, որ մարդկանց, որոնց իրավունքները իր ժամանակ խախտվում էին, և մարդիկ դիմում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հիմա էլ նա է դա դիտում որպես մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտ։

Իրավունքների մասին նրա մոտեցումներում տեղաշարժը ողջունելի է, որ արդեն խոսում է այդ կատեգորիաներով։ Իհարկե, նա էլ իրավունք ունի օգտվելու խոսքի ազատության իրավունքից, բայց նա պետք է նաև հասկանա, թե ինչ է նշանակում, երբ շատ մարդիկ զրկված էին այդ իրավունքից։

Այն հեռուստաընկերությունը, որտեղ Քոչարյանը նախօրեին խոսում էր, իր նախագահության օրոք այդ հեռուստաալիքը ձայն չէր տալիս Քոչարյանի ընդդիմախոսներին։ Հիմա նա կարող է օգտվել խոսքի ազատության և կարծիքի ազատության իրավունքից»,-հավելեց նա։

Նրա խոսքերով՝ Քոչարյանը ակնհայտորեն խեղաթյուրում ու նենգափոխում էր իր նախագահության օրոք եղած փաստերը՝ մասնավորապես, նշելով, որ արտակարգ դրություն հայտարարելն անհրաժեշտ էր, քանի որ արդեն մեկ զինծառայող մահացել էր, բայց զինծառայողը մահացել էր ոչ թե խաղաղ ցուցարարների ձեռքով։ Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձին, ապա, իրավաշտպանի դիտարկմամբ, Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է որպես մեղադրյալ, իսկ մեղադրյալի և քաղաքական գործչի համատեղումը մի փոքր անտրամաբանական է, բացի դրանից՝ եթե Քոչարյանը հույս ունի, որ թավշյա հեղափոխությունից հետո քրեական սկզբունքների և քաղաքականության համատեղում կլինի, չարաչար սխալվում է։

«Ինչ վերաբերում է 45 պատգամավորների՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու ստորագրությանը, ապա պարզապես լյուստրացիա եղավ, արձանագրվեց մինչ այդ մեր ունեցած այն մոտեցումը, որ ԱԺ-ում, հանձինս ՀՀԿ-ի և նրան սպասարկող քաղաքական կուսակցությունների, նրանք որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ, որովհետև ղեկավարվում են ոչ թե քաղաքական, այլ քրեական սկզբունքներով։ Եվ արձանագրվեց, որ ԱԺ-ն, որպես քաղաքական մարմին, իրեն սպառել է»,- հավելեց նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *