Քաղաքականություն

Քոչարյանը խղճալի վիճակում է հայտնվել, նրան նոր մեղադրանքներ են առաջադրվելու, քանի որ նրա ձեռքերն արյունոտ են. Մալխասյան (տեսանյութ)

«Ես զարմանում եմ Քոչարյանին պաշտպանողների վրա։ Քոչարյանին պաշտպանելը տրամաբանությունից զուրկ գործողություն է, որը բերում է պաշտպանողի վարկանիշի խիստ անկմանը, քանի որ Քոչարյանի վարկանիշը 0-ից ցածր է, ու հայ ժողովրդի մոտ ծայրահեղ ատելություն կա նրա նկատմամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը՝ հավելելով, որ Քոչարյանի կալանավորումը ազդակ է նոր իշխանության ձևավորման մասին։

«Քոչարյանի կալանավորումը ազդակ է հին, փչացած, կոռումպացված համակարգից դեպի նոր, մաքուր, իսկական, հայկական համակարգ։ Քոչարյանի կալանավորումը կեղծիքի, չարիքի, թալանի իշխանությունից շրջադարձ է դեպի ժողովրդավարություն, դեպի սոցիալական, իրավական պետություն։ Եվ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը միայն մեկ հոդվածով չի սահմանափակվելու։ Նրա ձեռքերը թաթախված են արյան մեջ»,- ասաց Մալխասյանը՝ հավելելով, որ այս փուլում ազգը պետք է համախմբվի կառավարության շուրջ՝ ամբողջ աշխարհին, Ռուսաստանին ցույց տալու համար, որ մենք ինքնիշխան ենք, մենք ենք տերը մեր երկրի։ «Հիմա մենք տեսնում ենք, որ ռուսները փորձում են միջամտել մեր ներքին գործերին։ Ռուսները այդպես էլ խելքի չեն գալիս։ Ուկրաինան նրանց համար դաս չեղավ։ Արման Նավասարդյանը օրերս շատ լավ էր ասել, որ Ռուսաստանը թույլ տվեց դիվանագիտական լուրջ սխալ։ Նրանք պետք է հասկանան, որ գործ ունեն ինքնիշխան ժողովրդի հետ։ Հավանաբար իրենք խելքի կգան։ Նրանք կհասկանան, որ չի կարելի մեզ հետ վասալի կարգավիճակով խոսել, վարվել։ Իրենք շատ շուտով կհասկանան դա, մանավանդ օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո իրենք կհասկանան մեր ժողովրդի ուժը»,- ասաց Մալխասյանը։

Անդրադառնալով ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հանդես եկողներին ու 41 պատգամավորներին, Մալխասյանը կարծիք հայտնեց, որ նրանց մի պահ թվացել է, թե հակահեղափոխությունը կարող է ռևանշ անել, մանավանդ Լավրովի ձայնը լսելուց հետո, բայց մոռացել էին հաշվարկել, որ հայ ժողովուրդը առաջվանը չէ և ընտրությունների ժամանակ հատ առ հատ հիշելու են նրանց անունները։ «Հիմա խնդիր է դրված մեզնից խլված արժանապատվությունը հետ բերել։ Հենց Քոչարյանի կալանավորումով էլ մենք հետ ենք բերում քրեաօլիգարխիկ բանդաների կողմից մեզնից գողացված արժանապատվությունը»,- ասաց Մալխասյանը։

Ի դեպ, Վարդան Մալխասյանը 2008-ից հետո դատապարտվել է նույն մեղադրանով, ինչ այսօր առաջադրված է Ռոբերտ Քոչարյանին։ «Ես հավատում էի, որ այդ օրը գալու է։ Ինչպես ասում են՝ ժամանակի չար կատակ է։ Քոչարյանը այսօր մեղադրվում է նույն հոդվածով, նստած է նույն քրեակատարողական հիմնարկում, միայն չգիտեմ՝ նույն խուցն է, թե ոչ։ Փոս փորողը միշտ էլ հայտնվում է իր փորած փոսում»,- ասաց Մալխասյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *