«Դատարանը միայն քննությունը խոչընդոտելու ռիսկի հիման վրա է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրել: Որպես կանոն դատարաններն ուշադրություն են դարձնում նաև առաջադրված մեղադանքի ոչ միայն ծանրությունը, այլ նաև կատարված հանցագործության բնույթը. աա մի խումբ մարդկանց կողմից կատարված հանցագործություն է, և մեկը մյուսի հետ համատեղ շահեր ունեն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների իրավունքների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
Նրա հավաստմամբ՝ Ռ. Քոչարյանի պաշտպանությամբ զբաղվում է բարձրակարգ իրավաբանների խումբ: Վահե Գրիգորյանի խոսքով՝ երբ փաստաբանները կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը՝ պաշտպանությունը, նրանք առաջնորդվում են պաշտպանյալի շահերի պաշտպանության նկատառումներով:
«Հայաստանում քաղաքական հետապնդումների ծավալն այն աստիճանի մեծ և խորն է եղել, որ առաջին անգամ քաղաքակրթության պատմության ընթացքում քաղաքական բանտարկյալ հասկացությունը ֆորմալիզացնելու համար հայաստանյան իրողությունը հիմք է ծառայել: Այդ ողջ ժամանակահատվածում ՀՀ-ում Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություններ և լիազորություններ ունեցող անձը եղել է Ռ. Քոչարյանը: Այդուհանդերձ պարոն Քոչարյանն այս Հայաստանում ունի լիիրավ պաշտպանության իրավունք, բայց իրավունքների զանգվածային խախտումները, որը ես քոչարյանիզմ կանվանեի, այլևս տեղ չունի մեր երկրում»,- ընդգծեց փաստաբանը:
«Նկատում եմ անցանկալի միտում. փաստաբանները երկու անգամ ասուլիսի ընթացքում խոսել են իրենց պաշտպանյալի մասին՝ իրենց պաշտպանական տակտիկայի և ստրատեգիայի դիտանկյունից, և այս ընթացքում նրանց խոսքը զսպված է եղել…, բայց Քոչարյանի պաշտպանության ֆրոնտում հնչում են սադրիչ հայտարարություններ: Ես չէի ցանկանա, որ այս գործը այս աստիճան քաղաքականացվեր»,- նշեց Վ. Գրիգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն