Քաղաքականություն

Քոչարյանի նկատմամբ մեր մեղադրանքի որոշումը հստակ է, պարզ ու հիմնավորված. ՀՔԾ պետ (տեսանյութ)

«Ես չեմ իջնում իրենց մակարդակին ու անձնական վիրավորանքներով իրենց պատասխանել չեմ ցանկանում, մեր մեղադրանքի որոշումն այնքան պարզ է ու այնքան հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի է, տեղ-տեղ նաև ծիծաղելի այդ որոշակի մանիպուլյացիաները, որ փորձում են արվել  պաշտպանական կողմի ներկայացուցիչների կողմից ». այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Քոչարյանի փաստաբանների դիտարկմանը, թե նրա մեղադրանքը անգրագիտություն է և որ քաղաքական հետապնդում է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ.

«Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ, նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում ինչպես նախկին այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ, կարող է լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված է ռազմական դրություն, ինչպես գիտեք ռազմական դրություն հայտարարված չի եղել», – նշել է ՀՔԾ պետը:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե և Քոչարյանի և նրա փաստաբանների կողմից շահարկվում է այն, որ ՀՀ երկրորդ նախագահին հրավիրել են որպես վկա, սակայն հարցաքննել են՝ որպես մեղադրյալ, ՀՔԾ պետը պատասխանել է. «Քրեական դատավարությունը դինամիկ պրոցես է, ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ, ամեն վայրկյան, անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա»: Սասուն Խաչատրյանը նշել է, որ այդ առումով խախտում չկա, անմիջապես, երբ պետք է քննչական գործողությունները կատարվեին, Քոչարյանին  ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ:

Անդրադառնալով փաստին, որ նախօրեին 40-ից ավելի պատգամավորներ ստորագրել են  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագրի տակ, ՀՔԾ պետն ասել է, որ խափանման միջոցը ընտրվում է վարույթի ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու անհրաժեշտությունից: «Թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ պատշաճ վարքագիծը փախուստի դիմելն է, մոռացվում է, որ դրա բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը  բացառելն է: Այս նախապայմանից ելնելով գտնում եմ, որ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է »: Սասուն Խաչատրյանը նաև ընդգծել է, որ ամեն ինչ արվում է խիստ իրավական ընթացակարգերում և քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *