Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպանները ցեխ են շպրտում ժողովրդի վրա.
«Դրանից ստոր բան ես չեմ պատկերացնում, նրանք քննադատում են թավշյա հեղափոխությունը: Ո՞րն է 37 թիվը, ե՞րբ եք տեսել, որ պաշտոնյաները դիմում գրեն ու ազատվեն, Ռոբի ժամանակ եք տեսե՞լ»:
Ստեփան Գրիգորյանը երկրորդ նախագահին կալանավորելը քաղաքական հետապնդում համարողներին հասարակությունից կտրված է համարում.
«Քոչարյանի ժամանա՞կ էր հետապնդումը, թե՞ հիմա, նրան այդ հարստությունը որտեղից, որտեղից այդ բիզնեսները, ի՞նչ վենդետայի մասին է խոսքը»:
Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի միջազգային վարկանիշի վրա վատ ազդեցություն թողնել չի կարող.
«Նրա պաշտպանները հասարակության վրա ցեխ շպրտելով փորձում են միջազգային հանրությունից աջակցություն ստանալ, դա նրանց վրա շատ թանկ է նստելու»:
Քաղաքագետն անդրադառնում է նաև ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուն, ըստ նրա, դա միայն Հայաստանի խնդիրն է և Ռուսաստանը խառնվել չի կարող: Ստեփան Գրիգորյանն առաջարկում է, որ քննչական մարմինը Խաչատուրովին ստուգի նաև 2016-ի ապրիլյան դեպքերի պահով.
«Առաջարկում եմ ստուգել նրա ու իր հարազատների հաշիվները, մենք հիմարներ չենք, տարածքները ձրի չեն հանձնում»:
Հարգարժան քաղաքագետը երևի տեղյակ չէ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային նորմերին՝ ամեն ոք իրավունք ունի արդար դատաքննության, իր շահերի իրավական պաշտպանության, իրավաբանական օգնություն ստանալու և այլն: Փաստաբանները պաշտպանում են մեղադրյալի իրավունքները: Մեղադրյալը անմեղ է, քանի դեռ իր մեղքը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Անսովոր է քաղաքագետ կոչվողին բացատրել տարրական բաներ և հիշեցնել, որ ստալինյան ժամանակներն անցել են: Նույն քաղաքագետը չգիտես ինչու, մոռանում է Տեր-Պետրոսյան Լյովայի «քաջագործությունները»՝ մասնավորապես 1996թ. ռազմական հեղաշրջումը: Բայց դե, քաղաքագետն էլ է մարդ՝ պետք է ընտանիք պահի, իրեն տված վարձատրությունն արդարացնի (թեկուզ ինքն իրեն հիմարի տեղ դնելու գնով)։ Հասկանում ենք...