Քաղաքականություն

Քոչարյանին մեկ վայրկյան անգամ չի կարելի ազատության մեջ թողնել. Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել

2008 թվականի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել Վերաքննիչ դատարանի՝ մինչ այդ կայացրած որոշումն ու կալանավորել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակել Քոչարյանին։

Հիմա զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը վճռաբեկ բողոքը ներկայացրել է և գտնում է, որ դատարանը պարտավոր է քննության առնել այդ բողոքն ու բավարարել այն։ «Դժվար է պատկերացնել որևէ անաչառ դատավոր կամ դատարան, որ տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված փաստարկների քննության արդյունքում գա այլ եզրահանգման, քան Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանելը և իր պատճառաբանություններով այդ ապօրինի որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները ի բնե մերժելը: Վերաքննիչ դատարանի նշված որոշումը ոչ միայն վտանգավոր է Հայաստանի սահմանադրական կարգի պաշտպանության պետության պոզիտիվ գործառույթի անխոչընդոտ իրականացման, այլ նաև Հայաստանում կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանության համար: Որևէ քաղաքակիրթ ազգ նման նոմինալիստական մոտեցում և իրավունքի լեգալիստական մեկնաբանություն հանդուրժել չի կարող»,- Ilur-ին ասել է Վահե Գրիգորյանը:

Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ սպասելիք ունեն Վճռաբեկ դատարանից, քանի որ իրենք հենց առաջին մարդիկ են, ովքեր կարող են պահանջել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի ու նա նորից կալանավորվի. «Այն բողոքը ներկայացրել է Վահե Գրիգորյանը, լիովին համաձայն ենք դրա հետ։ Ամենախստագույն պատիժը պետք է սահմանվի Քոչարյանի համար։ Երեկվանից տեղս չեմ գտնում, երբ լսեցի դրա փաստաբաններին։ Ասում է՝ Քոչարյանը հրաման չի տվել, զենք չի տվել։ Չեն ամաչում էդ փաստաբանները, որ մինչ օրս տեղյակ չեն, որ Արմեն Ֆարմանյանին, Գոռ Քլոյանին ու Տիգրան Խաչատրյանին զենքով են խփել՝ «Չերյոմուխա 7»-ով։ Բա էդ զենքը մեկը տվել է, չէ, որ տղաներին խփել են։ Կամ ասում են՝ հրաման չի տվել, ոնց չի տվել։ Էդ ով էր էդքան դուխով, որ էդ օրերին առանց Քոչարյանի հրամանի նման բան աներ։ Իհարկե, Քոչարյանն է տվել հրամանը մարդկանց վրա հարձակվելու։ Դրա համար հիմա մենք ինչ անում ենք, ճիշտ ենք անում։ Դրան կես վայրկյան անգամ չէր կարելի բանտից դուրս թողնել»,- ասաց Ֆարմանյանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ևս պնդում է, որ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի, ու մեծ շանսեր կան, որ Վճռաբեկ դատարանը կբավարարի իրենց բողոքը, որ Վահե Գրիգորյանը ներկայացրել է. «Ասեմ ավելին, ոչ միայն տուժողի իրավահաջորդների ցանկությունն է, այլև ամբողջ հայ ժողովրդի ցանկությունն է, որ Քոչարյանը կալանավորվի։ Մարդը, որը 2008 թվականին տապալել է երկրի սահմանադրական կարգը, ձերբակալել է տվել 200-ից ավելի մարդկանց, վիրավորներ են եղել, 10 զոհ է եղել, այդ ամենի պատասխանատուն ազատության մեջ չի կարող լինել»,- ասաց Քլոյանը՝ եզրափակելով. «Ես հավատում եմ, որ Վճռաբեկ դատարանը մեր հույսերը կարդարացնի»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *