Քաղաքականություն

Քոչարյանից ու Սերժից «քցված» գործարարները դիմումներ են գրում ԱԱԾ-ում․ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մանրամասներ է պատմում

Եթե ներկա իշխանությունն ընդունում է, որ նախկին իշխանությունների օրոք տեղի է ունեցել կոռուպցիա, հովանավորչություն, ապա առաջին հերթին պետք է համաներում իրականացնել տնտեսական ոլորտում։ Այսօր բանտերում շատ մարդիկ կան, որոնք նախկին ռեժիմի օրոք տուժած կամ դատապարտված մարդիկ են։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։

Գործարարը պատմեց, թե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ինչպես էին բիզնեսները խլում, մարդկանց սնանկացնում, ինչպես էր Քոչարյանի անվտանգության պետը սպառնալով ու վախեցնելով մարդկանց թալանում։ Հակոբյանը հիշեցրեց՝ տարիներ առաջ իր շինարարական ընկերությունում Վերահսկիչ պալատը, որի ղեկավարը Իշխան Զաքարյանն էր, երկու տարի կեղծ ստուգումներ իրականացրեց, որից հետո հայտարարելով, թե 32 մլն դրամ պակաս հարկ են վճարել։

«Երկու տարի ձեռնարկությունը չկարողացավ մասնակցել մրցույթներին։ Հետագայում դատարանում ապացուցվեց, որ մենք ոչ մի կոպեկ պարտք չէինք։ Պարզապես թուղթ էր մրոտեցին։ Իմ ձեռնարկության նման հազարավոր ձեռնարկություններ նույն ճակատագրին են արժանացել։ Ժողովրդական լեզվով ասած՝ ովքեր իրենց տակն էին, բարգավաճում էին, ովքեր ոչ՝ կորցնում էին ամեն ինչ։ Նրանք ում ուզում բանտարկում էին, սնանկացնում, որպեսզի իրենց մութ գործերին չխանգարեին։ Շատ մարդիկ կան, որոնք կեղծ ստուգումների արդյունքում այսօր դատապարտված են։ Նրանց բոլորի գործերը պետք է ուսումնասիրել, ու կտեսնեք, որ նրանք այդքան էլ մեղավոր չեն»,- պատմեց Հակոբյանը։

Նախկին պատգամավորը մեզ հայտնեց, որ տարիներ առաջ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունների կողմից «քցված» գործարարները դիմումներ են գրում ԱԱԾ-ում, բարձրաձայնում են իրենց նկատմամբ նախկին իշխանությունների կողմից իրականացված անարդարությունները։ Այս պահին նա չցանկացավ բարձրաձայնել անունները, բայց վստահեցրեց՝ դրանք շատ են։ Հակոբյանը հույս ունի, որ ԱԱԾ-ն ոչ միայն ուշադրություն կդարձնի պետությունից թալանածներին, այլ նաև ընթացք կտա անհատների գործերին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *