Քաղաքականություն

Քոչարյանն ու Սարգսյանը պետք է պատրաստ լինեն միջազգային ատյաններում պատասխան տալ․ Աշոտ Մանուչարյան

«Ջախջախվում է այն համակարգը, որն այսքան տարիներ իրականացնում էր երկրի ոչնչացման ծրագիր, և որը բացառապես արտաքին կառավարման համակարգ էր. այդ համակարգի ողնաշարը կոտրված է»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով հայաստանյան վերջին շրջանի իրադարձություններին: Նա նաև կարևորեց, որ ժողովրդի մեջ հույս է արթանացել և առաջացել է գործելու հնարավորություն:

Անդրադառնալով 2008-ի Մարտի 1-ի իրադարձություններին՝ Մանուչարյանը նշեց. «Քաղաքով մեկ ջարդում էին պատահական մարդկանց, այդ ամենը ուղղված էր մի բանի՝ Երևան մայրաքաղաքը պետք է ոչնչացվեր՝ որպես դիմադրության համակարգ, որը համարձակվել էր դիմադրել այն համակարգին, որն իրականում ոչնչացնում էր Հայաստանը»:

«Մենք գիտենք ևս նման մի պահ՝ Հոկտեմբերի 27. այստեղ կա երկրի ոչնչացման հետ կապված ակնհայտ մի փաստ. այդ ժամանակ իրականացվել էր պայմանավորվածություն Մեղրիի փոխանակման մասին, Հայաստանը հայտնվելու էր «թուրքական տոպրակում», և դեռ այն ժամանակ շատերը բարձրաձայնել են, այդ թվում նաև ես, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կողմ են եղել այդ տարբերակին, իսկ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել. դա արտաքին ուժերի խոշորագույն նշանակությամբ մի գործառույթ էր, որի կարևորագույն օղակն էր և սկիզբն էր Հայաստանը: Այդ տարբերակն առաջարկողները գիտեին, թե ովքեր են դեմ: Դեռևս 2000թ-ին, երբ ընթանում էր քննությունը, ես Քոչարյանին մեղադրել եմ նրանում, որ նա քննությունից թաքցրել է այդ կարևորագույն վարկածը, դրան հետևեցին հերքումներ, բայց այդպես էլ չստեղծվեց հանձնաժողով, որը կպարզեր՝ եղել է դա, թե ոչ: Մենք այդ տարբերակի լինելու մասին լսել ենք տարբեր երկրների արտգործնախարարների, փոխարտգործնախարարների և տարբեր մարդկանց հայտարարությունները: Բայց Հայաստանն այս տարիների ընթացքում դա չի պարզել: Իսկ եթե լիներ Մեղրիի փոխանակման տարբերակը, ապա Հայաստանի համար դա «թուրքական տոպրակ» էր դառնում, բոլոր կողմերից շրջապատված էինք լինելու Թուրքիայով և Ադրբեջանով, դա խոշորագույն հարված էր նաև ևս երկու երկրների՝ Չինաստանի և Ռուսաստանի համար, որովհետև կյանքի էր կոչվում պանթուրքիստական ծրագիրը: Դա գլոբալ ծրագիր էր՝ ընդդեմ մարդկության:

Քոչարյանը և Սարգսյանը գործում էին որպես խոշորագույն հանցագործության կատարողներ, հեղինակները լրիվ այլ տեղ են, վաղ թե ուշ ժողովուրդները կպարզեն՝ ովքեր են»,- նշեց Մանուչարյանը:

Նա նաև ընդգծեց. «Մոսկվայից Քոչարյանին աջակցում են գործակալներ, որոնք կհայտնվեն ճաղերի ետևում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *