«Ռևանշի հնարավորությունները և գործոնները կարող են ազդեցիկ լինել և նշանակություն ունենալ՝ պայմանավորված այսօրվա իշխանության ինչ-որ անհաջողություններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործոն չի կարող նշանակություն ունենալ:
Սաքունցի խոսքով՝ Քոչարյանը, հանձին Ազգային ժողովի ներկայացուցչական մարմնի, կարող է լինել բյուրեղացման կենտրոն. «Ստորագրած այդ 45 պատգամավորները արձանագրեցին, որ փոփոխությունները չեն իրականացվել. միայն գործադիր իշխանության գործիքները կամ ջանքերը բավարար չեն, օրենսդիր և դատական իշխանությունը նույնն է մնացել: Եթե մի 10 օր առաջ կարելի էր ենթադրել, որ չեն համարձակվի գնալ հանրային կարծիքի դեմ, ապա այժմ բացահայտվեցին»:
Իրավապաշտպանը համոզված է, որ այդ 45 պատգամավորները՝ առնվազն կորիզը, մտահոգվեցին, որ այդ հակակոռուպցիոն գործողությունների շարունակության դեպքում ալիքը կհասնի իրենց. «Նույնիսկ Կրեմլին չի էլ հետաքրքրում, թե Մարտի 1-ի համար ով կդատապարտվի. հիմնականը հակակոռուպցիոն այս պայքարն է, որը անխուսափելիորեն հակադրվում է ՌԴ իշխանությունների քաղաքական կենսական շահերին»:
Արթուր Սաքունցը համոզված է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները առավել քան պահանջված են. «Այսօրվա Ազգային ժողովը դատական իշխանությունը կարող է պահել որպես հնարավորություն՝ կանխելու, սահմանափակելու, դժվարացնելու փոփոխությունները»:
Անդրադառնալով Քոչարյանին սատարող ուժերի կողմից հնչեցված՝ քաղաքացիական պատերազմի հնարավորությանը՝ մեր զրուցակիցն ասաց. «Քաղաքացիական պատերազմի մասին խոսողը վերջին 3 ամիսներին Հայաստանում չի գտնվել. ի՞նչ քաղաքացիական պատերազմ՝ ո՞ւմ և ո՞ւմ միջև. քրեական աշխարհի՝ մաֆիայի և պետության միջև քաղաքացիական պատերազմ չի լինում: Պետությունը կա՛մ հաղթում է մաֆիային և ստեղծում օրինական պետություն, կա՛մ մաֆիան զավթում է պետությունը նորից, և մենք նորից դառնում ենք մաֆիոզ պետություն: Այսինքն՝ կա մաֆիայի ընդդիմությունը պետության դեմ»:
Սաքունցի խոսքով՝ քաղաքացիական պատերազմի մասին խոսելը հորինովի, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ձգտում է, իսկ խոսքի տեսակետից շատ վտանգավոր է և ուղղված է ապակայունացմանը. «Եվ այդ մասին վայնասուն են բարձրացրել կոռուպցիոն լափամանից օգտվածները»:
Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն