Սերգեյ Լավրովը հերթական անգամ մտահոգություն է հայտնում՝ այդպես էլ որևէ փաստ չնշելով, թե Հայաստանում ներքին իրավիճակի հետ կապված այդ ինչն է դուրս եկել սահմանադրականության և օրինականության դաշտից, որ ինքը նման մտահոգություններ է հայտնում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Սա, ներեցեք, մի փոքր ոչ պրոֆեսիոնալ գործելակերպ է, կամ պարզապես իրենք էլ հասկանում են, որ նման փաստ ու ապացույց չկա, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքի իրավունքն է խախտված, պաշտպանվելու իրավունքն է խախտված, որ Քոչարյանի և նրա կառավարության անդամի ստորագրած 0038 հրամանը եղել է Սահմանադրության կոնտեքստում: Ճիշտ հակառակը, Լավրովին և ռուսական կողմի գործընկերներին պետք է ուղղակի սպառիչ պատասխանել, հասկացնել, որ Հայաստանում ամեն ինչ տեղի է ունենում Սահմանադրության շրջանակներում, ՀՀ ՀՔԾ-ի կողմից քննվող գործի շրջանակներում որևէ դատավարական, պաշտպանական կամ այլ իրավունք խախտված չէ: Ռոբերտ Քոչարյանը բոլոր հնարավորություններն ունի ապացուցելու իրենց անմեղությունը, կապի բացակայությունը Մարտի 1-ի գործով, եթե այդպիսիք կան: Այդ կտրվածքով անհասկանալի է մնում, թե ինչ հեղինակության ամրապնդման մասին է խոսքը, որովհետև ՀՀ ներքին արդարադատության հաստատման խնդիր համարվող գործի բացահայտումը, եթե անգամ շոշափում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, դա ծանր տանել պետք չէ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նա նկատեց՝ քանի որ ռոտացիայի իրավունքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուի առաջադրումն իր իրավասության դաշտում է մինչև 2020 թվականը, Հայաստանն ինքն է շահագրգռված, որ լավագույնս ներկայացված լինի միջազգային կառույցներում: Նա նշեց, որ եթե անգամ չլիներ Մարտի 1-ի գործը, եթե անգամ չլինեին այդ գործով Յուրի Խաչատուրովին շոշափող հարցեր, միևնույն է, նա Հայաստանը արժանապատիվ կերպով ներկայացնող թեկնածուն չէր:
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն