Քաղաքականություն

Live. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ասուլիսը կապված է համացանցում տարածված՝ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց ձայնագրության հետ:

Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում տարածված հեռախոսազրույցի ձայնագրության խոսակցության մասնակիցները ինքն ու ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն են: Նա  ընդգծեց, որ շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և հատուկ քննչական ծառայության պետի խոսակցությունը:

«Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, և կպարզվի ձայնագրման աղբյուրը, թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը: Եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունում այդ փաստով հարուցվել է  քրեական գործ, և առաջիկայում կիմանանք բոլոր մանրամասները» ,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ պետն ընդգծեց, որ խոսակցությունը եղել է դատարանի կողմից Ռոբերտ  Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու օրը: «Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք ինչի մասին է, մանրամասների մեջ չեմ մտնի, պարզապես ուզում եմ ասել, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում չկա: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է: Դա եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- մանրամասնեց Վանեցյանը:

Ներկայացնելով նախապատմությունը՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ ստացել է հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է  հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր: «Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, և նա՝ որպես իրավաբան, տվել է այդ հարցի հետ կապված բացատրությունները: Իրավական մասով պարոն Խաչատրյանն ավելի մանրամասն կներկայացնի: Ես ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ այն, ինչ մենք անում ենք, այն պայքարը, որը մենք սկսել ենք, շարունակելու ենք, և մեզ ոչ մի բան չի խանգարելու: Մեր սկսած գործին որևէ խոչընդոտ չի կարող լինել: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջև, և այդ գործընթացն անկասելի է»,- ընդգծեց նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *