Հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ սկսում է անվստահության գործընթաց, ասելով, որ իրենց կարող են միանալ ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաեւ համայնքի ավագանու անդամներն անհատապես: Հայտարարության օրվանից անցել է 2 շաբաթ, սակայն «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը մյուս քաղաքական ուժերի կողմից մնացել է անարձագանք. «Մենք բավականին ժամանակ ունեինք, որ սպասեցինք, բայց ոչ մի ուժից, ավագանու ոչ մի անդամի կողմից արձագանք չեղավ: Սա մեզ համար հիմք եղավ մտածելու, որ այս պահի դրությամբ, բացի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության 10 անդամներից, մնացած 23-ը չեն միանում նախաձեռնությանը, եւ կարելի է արձանագրել, որ դրանով սատարում են հանրապետական իշխանությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը: Վանաձորի համայնքի ավագանու 33 անդամներից 10-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ են, գործընթացը սկսելու համար նրանց պակասում էր մեկ ձայն: Արմեն Եղիազարյանի խոսքով՝ եթե մինչ օրս ոչ ոք չի միացել, ապա հետագայում դժվար միանան: Միաժամանակ հավելում է՝ ցանկացած պահի հնարավոր է վերսկսեն գործընթացը. «Մենք կոչով էլ հանդես եկանք, որ բացի ձեր կուսակցական քաղաքական դիրքորոշումից, եթե դուք անձնապես ավագանու ձեր լիազորությունների շրջանակներում գտնում եք, որ պետք է միանաք, կանգնեք ժողովրդի կողմը, եւ շարունակեք հանրապետական իշխանության փոփոխման գործընթացը, միացեք: Բայց ո՛չ կուսակցական մակարդակում խմբակցությունները, ո՛չ անհատապես այդ 23 անձինք, որ ավագանու անդամ են, չմիացան մեզ: Հարցը փակ չէ, բայց մենք հույսեր էլ չունենք, որ կարող է վաղն իրենց մոտ ինչ-որ դիրքորոշում փոխվի: Մենք ֆիքսեցինք, որ այսօր այն արժեհամակարգը, այն քաղաքականությունը, որ պետք է քաղաքում փոփոխություն լինի, հանրապետական իշխանությունը փոխվի, այսօր մեր այդ նպատակները ոչ ոք չի կիսում»: Եղիազարյանը տեղեկացրեց, որ իրենք կմասնակցեն ավագանու առաջիկա նիստերին. «Բոյկոտ ընդհանրապես չկա, Սահմանադրական դատարանի վճռից հետո մենք վերջացրել ենք բոյկոտը: Ընթացքում, եթե եղել է, որ մենք նիստերի դահլիճը լքել ենք, դա բոյկոտ չէ, դա կոնկրետ հարցի վերաբերյալ վերաբերմունք է եղել: Մենք մեր գործունեությունը շարունակելու ենք, եւ մեր 10 մանդատը լիարժեք օգտագործելու ենք, որպեսզի մեր ուղուն, մեր նպատակներին հասնենք, ինչքան, որ հնարավոր լինի այս իրականության մեջ»:
0 Մեկնաբանություն