Քաղաքականություն

Մամիկոն Ասլանյանին անվստահության գործընթացին միացողներ չեղան. «Օրինաց երկիրն» ու ՀՅԴ-ն կրկին դավաճանեցին

Կարելի է արձանագրել, որ Վանաձորում ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթացը չի կայացել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից անվստահության գործընթացի մասին հայտարարությունից հետո ավագանու խմբակցություններից ոչ ոք, ոչ էլ ավագանու անհատ անդամներ չեն միացել նախաձեռնությանը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը. «Որևէ արձագանք, որևէ առաջարկություն ոչ ոքի կողմից չի եղել։ Հաշվի առնելով նաև վերջին զարգացումները, երբ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միացան նաև ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությանը, պարզ էր արդեն, որ անվստահության գործընթացին միացողներ չէին լինելու։ Արդեն կարող ենք արձանագրել ևս մեկ անգամ, որ որևէ բան կուսակցությունների տարածքային կառույցների առումով՝ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՎԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից չի փոխվել՝ չնայած հեղափոխության օրերին նրանց արած հայտարարություններին, թե միանում են համաժողովրդական շարժմանը, խզում են հարաբերությունները ՀՀԿ-ի հետ։ Այդ հայտարարությունից հետո ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն շարունակում էին Վանաձորում մնալ կոալիցիոն գործընկերության մեջ ՀՀԿ-ի հետ։ Նույնը պահպանվեց նաև հիմա, երբ անվստահության գործընթացի մասով որևէ հայտարարություն չեղավ թե՛ Վանաձորի ավագանու խմբակցությունների կողմից, թե՛ կուսակցությունների կենտրոնական գրասենյակների։ Տպավորությունն այնպիսին է, որ խմբակցությունները կապ չունեն իրենց կուսակցությունների հետ»։ Մարուքյանը նաև հավելել է, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքը, և իրենց նպատակը ևս մեկ անգամ ՀՎԿ-ի ու ՀՅԴ-ի իրական կերպարի բացահայտումն էր։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը այսօր էլ «Առաջին լրատվական»-ի զանգերին չի պատասխանել։ Լռում էին նաև Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի հեռախոսները։

«Առաջին լրատվական»-ի զանգերին այսօր չի պատասխանեցլնաև Վանաձորի ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արևիկ Լոքյանը, որը մի քանի օր առաջ խոստացել էր կուսակցության հետ քննարկումից հետո՝ 3 օրվա ընթացքում հայտել իրենց որոշման մասին։

Լուսանկարը՝ Photolure-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *