Քաղաքականություն

«Մարիոթ»-ի սրճարանում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում գործող «Մարիոթ» հյուրանոցային համալիրի դիմացի սրճարանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրակարգով։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ քաղաքական ուժերի հետ կկարողանան համաձայնության գալ եւ քաղաքացիներին դիմելու անհրաժեշտություն չի լինի՝ նկատի ունենալով փողոցային պայքարը:

Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ եզրահանգման եկան կողմերը: Փաշինյանը պատասխանեց, որ սա ըստ էության առաջին շփումն էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեմայով.

«Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի: Իհարկե մեկ հանդօիպումով որոշումներ չէին կայացվի, բայց մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել որքան հնարավոր է շուտ, ասենք օրինակ՝ մի երկու-երեք ամսվա ընթացքում»:

Վարչապետը նշեց, որ ինքը հայտնում է իրենց դիրքորոշումը, իսկ ՀՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը:

«Մի փաստարկ կա, որ մամուլում ևս շրջանառվում է, թե խորհրդարանում կարող է նույն արդյունքը լինել, ինչպես ավագանու ընտրություններին՝ 80 տոկոս ձայն հավաքեն, և նույն պատկերը կրկնվի: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորների մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր, այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կլինի մեծամասնություն, որը կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով»,- ասաց նա և նշեց, որ կունենան լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն:

«Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս հավաքի՝ բոնուսով լինելու է ԱԺ մեկ երրորդի չափով և ունենալու է երաշխիքներ: Այսօր գործող կարգավորումները երաշխավորում են, որ ԱԺ–ի մեկ երրորդը պետք է ընդդիմադիր լինի, դա նշանակում է՝ 31 հոգի ընդդիմադիր պետք է լինի»,- ասաց նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *