Մեկնարկել է Երկրապահ կամավորականների միության վարչության արտահերթ նիստը։ Այն դռնփակ է, մասնակցում են միայն վարչության անդամները:
Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է։
Նշենք, որ օրեր առաջ Երկրապահ կամավորականների միության վարչության նիստից հետո հայտարարվեց կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, ինչպես նաեւ, մինչև արտահերթ համագումարը՝ կասեցնել նաև ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը։
Սեւանի ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանն իր խոսքում նշեց, որ ԵԿՄ նախագահի նախընտրած թեկնածու չունեն, ցանկանում են, որ կառույցը ղեկավարվի խորհրդի կողմից։
Նիստն անցնում է բավական լարված մթնոլորտում։ Պարբերաբար լսելի են նիստի մասնակիցների բարձր ձայները։ Ապարանի ԵԿՄ անդամ Հաբեթնակ Տոնոյանը վրդովված լքեց նիստերի դահլիճը ասելով, որ այս պահին խոսողները նույնպես եղել են ղեկավար պաշտոնում եւ անմասն չեն եղել կատարվածից։
Իսկ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը տեղեկացրեց, որ բարձր ձայները վիճաբանության արդյունք չեն, պարզապես որոշ կազմակերպչական հարցերի շուրջ է ծագել անհամաձայնությունը։
0 Մեկնաբանություն