ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին, ճիշտ է համարում: «Պաշտպանության նախարարի աշխատանքն է՝ ոչ միայն նման հայտարարություն անելը, այլեւ այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացի հայտարարություն անելուց, հիմք ընդունելով մեր զինված ուժերի ոգին ու պատրաստվածությունը, անելու ենք դա»,- ավելացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՊՆ-ն միջազգային մամուլին տված հարցազրույցում ասել է, որ 2016թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը: Արդյոք ՀՀ-ն վերանայե՞լ է իր ռազմավարությունը Ադրբեջանի նկատմամբ: «Եթե վերանայում բառն օգտագործենք, ապա մենք պետք է իրավիճակին համարժեք լինենք: Կարծում եմ՝ սա է ամենակարեւոր մոտեցումը, այսինքն՝ որեւէ դիրքորոշում ինքը կարծրացած չէ, այն այս հարցում պետք է լինի համարժեք: Այսինքն, մենք կարծում ենք, որ, այո, հարցի խաղաղ անապարհով կարգավորումը կարեւոր է, ու գիտենք, որ հնարավոր է, սակայն կարծում ենք, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մինչդեռ, ըստ նրա, Ադրբեջանն իր գործողություններով ու հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը. «Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը եւ կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիակին կլինենք համարժեք, եթե այլ իրավիճակի ուղղությամբ կգնա, մենք նույնպես կլինենք այդ իրավիճակին համարժեք»:
Իսկ Պաշտպանության նախարարն արձագանքեց Արցախի ՊՆ Լեւոն Մնացականյանի հայտարարությանը, որ աշնանը չեն բացառվում լայնամասշտաբ ռազմական գործողություններ. «Դրանք միշտ էլ սպասելի են, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից»:
Դավիթ Տոնոյանը վարչապետի եւ Կառավարության մյուս անդամների հետ մասնակցում էր ռազմական հաստատությունների 2017-18թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը, որին մասնակցեց 230 շրջանավարտ:
0 Մեկնաբանություն