Հուլիսի 1-ին, Դատախազության աշխատողի օրը, շուքով նշվել է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի ներդրման 100-ամյակը: Վերջինիս նվիրված ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին և միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բարձր մակարդակով պատվիրակություններ Դատախազների միջազգային ասոցիացիայից, ԱՊՀ գործադիր կոմիտեից, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդից, ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդից, ինչպես նաև Արցախի, ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Էստոնիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի գլխավոր դատախազություններից:
Դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավապահ մարմինների ղեկավարները, նախկին գլխավոր դատախազները, դատախազության համակարգի վետերանները և այլոք:
Դատախազության աշխատողի օրվա և համակարգի հիմնադրման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ դատախազության համակարգի համար նշանակալի պատմակայն իրադարձությունը միասին նշելու համար, ներկայացրել և արժևորել է Հայաստանում դատախազության համակարգի ստեղծման, կայացման ու զարգացման անցած ճանապարհը, պետականության հիմքերի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարում, օրինականության և իրավակարգի հաստատման գործում ունեցած դերն ու նշանակությունը, այդ առաքելության իրագործման ճանապարհին պետական, հատկապես իրավապահ մյուս մարմինների, տարբեր երկրների գործընկեր դատախազությունների հետ արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև անդրադարձել է նոր հարյուրամյակի շեմին համակարգից հասարակության սպասելիքների և դրանց համահունչ բարեփոխումների ընթացքի մասին:
«Գիտակցելով մեր ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաև նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսևորումները, միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա և լինելով բավականաչափ ճկուն՝ տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ:
Այսօր հասարակությունը մեր առջև դրել է պահանջների բարձր չափանիշներ: Հայաստանի մերօրյա քաղաքացու տեսլականում դատախազը մարմնավորում է ոչ միայն պետական իշխանությունն ու օրենքը, այլև արդարամտությունն ու մարդասիրությունը՝ մեզանից պահանջելով առօրեական դարձնել օրենքի գերակայության, իրավապաշտպանության, արդարության արժեքները, որոնցով հնարավոր է հասարակությանը ներշնչել անխոչընդոտ ստեղծագործ և հայրենաշեն աշխատանքի: Մենք հպարտանում ենք այն դատախազներով, որոնք ընկալում են այս ազդակները և որոնց համար հանրությանը և օրենքին ծառայելը, անձնական և մասնագիտական պատիվ հասկացությունը, իր գործին նվիրվածությունը, պետական մտածողությունը միայն խոսքեր չեն»,-ասել է Արթուր Դավթյանը՝ դատախազներին և դատախազության աշխատակիցներին նաև շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության դատախազությանն ուղված շնորհավորական ելույթով է հանդես եկել Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշը՝ իր ելույթում կարևորելով Հայաստանի դատախազության ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերում :
ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը, կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան:
Հանդիսավոր նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև ՀՀ դատախազության վետերանների միության նախաձեռնությամբ և միջոցներով լույս տեսած ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանին նվիրված գրքի շնորհանդեսը:
Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակին, ապա այցելել Երևանի «Նոյ» գինու, կոնյակի և օղու գործարան: Նրանք ծանոթացել են կոնյակագործության հայկական ավանդույթներին ու մշակույթին, մասնակցել ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ կոնյակի տակառի զմրսման արարողությանը:
Բացի դրանից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի մասնակցությամբ մարվել եւ շրջանառության մեջ է դրվել ՀՀ Դատախազության 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշ:
Երեկոյան տոնական օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազի անունից տրվել է հանդիսավոր ընթրիք:
Հարգանքով՝
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
0 Մեկնաբանություն