Քաղաքականություն

Նոր քրեական գործ՝ մարտի 1-ի դեպքերով. ՀՔԾ

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի «Ազատության»  հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:

          Նշված, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած մյուս դեպքերը ուսումնասիրելու համար ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով:

          Դրանից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն թվականի հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ հիշյալ հանձնաժողովի, փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած  կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում  պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության»  հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Ըստ այդ փաստաթղթերի և դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում հանցագործությունների  խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության  ստորաբաժանումները իբր թե «տեղանքի հետազոտում»  օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են «Ազատության»  հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել  է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *