Սեպտեմբերին սպասվելիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու է հայ-ռուսական հարաբերությունների ողջ շրջանակը: «Բոլոր հարցերը քննարկվելու են»,-լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ այն փաստում, որ Պուտինն օրերս շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը»: Փաշինյանը բացասական պատասխան տվեց.
«Դա անձնական հարաբերությունների խնդիր է: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը գնահատում ու պահպանում է: Խոսքը նաեւ երկրների նախկին եւ ներկա ղեկավարների մասին է: Օրինակ՝ չնայած ԵՄ-ի հետ բարդ հարաբերություններին, նա վերջերս մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»:
Հարցին, թե ինչ կարծիք ունի Հայկ Մարությանի ելույթի մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Կարծում եմ՝ թյուրըմբռնում կա: Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձեւակերպումներ այնքան է ճշգրիտ չեն եղել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանի աղմկոտ հայտարարությանը, թե «իրենց դեմը խաղ չկա», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ»,-համոզմունք հայտնեց նա: Ինչ վերաբերում է Մարությանի դիտարկմանը, թե քաղաքական ուժերի մեջ կան «սեւեր» ու «սպիտակներ», Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, ոչ թե սեւի եւ սպիտակի»:
Մեկնաբանելով տեղեկությունները, թե Փաշինյանը պատրաստվում է ՀՀ նախագահ նշանակել Լեւոն Տեր-Պետրոսյանին, վարչապետն ասաց. «Եկեք աբսուրդ բաներ չխոսենք: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընտրվել է այս տարվա մարտին եւ դեռ յոթ տարի էլ պետք է պաշտոնավարի»: Կալանավոր Շանթ Հարությունյանի՝ լրագրողների հետ հանդիպում կազմակերպելու ցանկության մասին էլ Փաշինյանն ասաց. «Ես դիմել եմ արդարադատության նախարարին եւ հանձնարարել եմ օրենքով սահմանված կարգով նման հնարավորություն տալ:
Ես խնդիր չեմ տեսնում»: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նաեւ հարցադրմանը, թե ինչու սեպտեմբերի 3-ին՝ Արցախի անկախության օրը, ինքը Ստեփանակերտում չէր: «Դրանից մեկ շաբաթ առաջ էի այնտեղ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինքը շեշտեց՝ բացառիկ է, երբ ՀՀ վարչապետը երեք ամսում երեք անգամ լինում է Ստեփանակերտում: Կարծում եմ՝ Արցախում ՀՀ-ն բարձր ներկայացվածություն ուներ այդ օրը՝ նախագահ, փոխվարչապետ…իսկ Հովիկ Աբրահամյանի ներկայության մասին հարցը պետք է Արցախի իշխանություններին ուղղել»:
՝
0 Մեկնաբանություն