Քաղաքականություն

Պարտադիր կամավորության սկզբունքով ԱԺ-ն պետք է լուծարվի. Արայիկ Պապիկյան

Իրավաբան Արայիկ Պապիկյանի համոզմամբ՝ ԱԺ կանոնակարգ օրենքում ընդունված փոփոխությունները ուժի մեջ չեն մտնի. «Ժողովուրդը չի թողնի, այդ նախագծի ընդունումն այս խորհրդարանի վերջին ճիգն էր»։ Ըստ նրա՝ ԱԺ-ն լուծարելու համար քաղաքական լուծում պետք է տրվի. «Դա հեղափոխության տրամաբանության մեջ է»։ Նրա խոսքով ԱԺ-ն պետք է գնա ինքնալուծարման. «Կամավոր պարտադիր պայմանով՝ ժողովրդի պահանջով»։

Որպես օրինակ իրավաբանը բերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Նա էլ չէր ցանկանում կամովին հեռանալ, սակայն ժողովրդի պարտադրանք կար»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով էլ՝ ընդունված նախագծի նպատակն այն էր, որ վարչապետը բանակցի իրենց հետ. «Որ ինչ-որ ժամանակ շահեն, հաջորդ խորհրդարանում տեղ ունենան, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին»։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին պատրաստվելու ժամանակ ունենան։

Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ վարչապետի հրաժարականի դեպքում խմբակցությունները թեկնածու կառաջադրեն. «Ճիշտ կլինի ստորագրել հուշագիր, որ ուժերը թեկնածու չեն առաջադրի, եթե մեկը հրաժարվի՝ հասարակությունից հարված կստանա»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *