Քաղաքականություն

Պաշտպանեք մեկին, հզորացրեք հազարին, և Մարդու իրավունքները կգրավեն աշխարհը

«Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ֊ը ամառային նստաշրջանում։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մինչ պատգամավոր դառնալը ես Հայաստանում մոտ 12 տարի աշխատել եմ որպես Մարդու իրավունքների գծով փաստաբան, և սա է պատճառը, որ Իրավապաշտպանների վերաբերյալ հարցերը չափազանց կարևոր ու մոտ են ինձ։

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել իրավապաշտպանների հարցով զեկուցողին իր արժեքավոր աշխատանքի համար և շեշտադրել որոշ կարևոր դրույթներ։

Ստեղծված իրավիճակում, երբ ժողովրդավարական արժեքները մեծապես դեգրադացված են ու դիմագրավում են մեծ թվով մարտահրավերների, Մարդու իրավունքների պաշտպանները ողջ Եվրոպայում խիզախորեն և մեծ քաջությամբ պաշտպանում են ժողովրդավարությունը, Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Եվրոպայի խորհուրդը պետք է լինի խիստ ու անզիջում այս հարցում՝ պայքարելով Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության համար,  և այդ պայքարին պիտի աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանները, ինչը և ներկայումս տեղի է ունենում։ Եվ ուրեմն, Մարդու իրավունքների պաշտպանները օրենքի գերակայության, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտների բազմապատկիչներն են, առանց ում իրավապաշտպան առօրյա աշխատանքը չի կարող հաջողությամբ առաջ շարժվել։ Ես անում եմ այս պնդումը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ով ներկայումս ներգրավված է քաղաքականության մեջ։

Ցանկանում եմ կրկին ընդգծել Եվրոպայի խորհրդի կարևոր դերը Մարդու իրավունքների պաշտպանների ոգեշնչման, պաշտպանության և նրանց աշխատանքի խթանման հարցերում՝ գործիքներ ստեղծելու, արդյունավետ մեխանիզմներ ապահովելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարմինների հաջող գործունեության միջոցով։

Ես ցանկանում եմ առանձնահատուկ աջակցությունս հայտնել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների և հատկապես ՄԻԵԴ-ում հայցեր ներկայացնող փաստաբանների   ահաբեկման դեպքերի մասին պարբերաբար հաշվետվությունների ներկայացման և արձագանքման մեխանիզմ ներդնելու վերաբերյալ հանձնարարականի մասով։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եզրափակելով իմ խոսքը՝ ցանկանում եմ կատարել մի մեջբերում․ «Ավելի քան 2000 տրի առաջ չինացի գեներալ Սուն-Ցզուն ասել է,- «Սպանիր մեկին, ահաբեկիր հազարին»,- որպես իր ռազմական սկզբունքներից մեկը։ Այդ օրվանից այս մոտեցումը կիրառվել և կիրառվում է աշխարհի տարբեր կառավարությունների կողմից բոլոր հարցերում, բայց հատկապես լռեցնելու և ահաբեկելու համար քննադատությունը, անկախ ձայներն ու չհամաձայնողներին։ Մարդու իրավունքների պաշտպանների 6-րդ Դուբլինյան պլատֆորմին այս արտահայտությունն ստացել է «Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» տեսքը»։

Այսպիսով, պաշտպանեք մեկին, հզորացրեք հազարին, և Մարդու իրավունքները կգրավեն աշխարհը։

Լուսավոր Հայաստան կուսակցության

Մամուլի ծառայություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *