«Ես խորությամբ չեմ ուսումնասիրել Պավլիկ Մանուկյանի ասածները, բայց ցավում եմ, որ տարաձայնություններ կան, որովհետև թե՛ Գարեգին Չուքասզյանը, թե՛ մյուս տղաները, թե՛ Պավլիկը՝ բոլորն էլ պայքարող տեսակ են։ Այդ տարաձայնություններն իմ մեջ մտահոգություն են առաջացնում, բայց կարծում եմ՝ տարբեր մտածելակերպերն է հենց դեմոկրատիան»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանի հարցազրույցին ու այնտեղ հրապարակված մտքերին։
Պավլիկ Մանուկյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում բանտից հայտարարել է. «Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի «Հիմնադիր խորհրդարան»-ի համակարգող խորհուրդը պետք է նախ՝ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուքասզյանի կատարած գործողությունների մասին։ Ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում՝ ես կամ, իսկ անհաջողության դեպքում՝ իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ երբ որ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի՝ գիշերով ստորագրությամբ բաց թողնվեց և հայտնվեց դատարանի դիմաց՝ «Սասնա ծռեր»-ի աջակիցների և հարազատների առաջ, և համարեց քաղաքական սաբոտաժ ժողովրդի արդար ցասումը՝ «Սասնա ծռեր»-ին բաց թողնելու կապակցությամբ»։
«Ես չեմ կարծում, թե դա վերածվում է հակամարտության։ Դե, ժամանակը ցույց կտա, թե ինչ նկատի ունի Պավլիկ Մանուկյանը։ Ես շատ գնահատում եմ նրան, անցած ճանապարհը, մյուս տղաներին՝ ևս։ Ես վաղաժամ չեմ ուզի ինչ-որ ենթադրություններ անել»,- ասաց Գագիկ Սարուխանյանը։
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծելու գաղափարին՝ Սարուխանյանը նշեց՝ թե՛ Գարեգին Չուքասզյանը, թե՛ Պավլիկ Մանուկյանը փոքր-ինչ թերի են քաղաքական գործունեության մեջ։ «Թե՛ քաղաքական գործունեության մշակույթի առումով, թե՛ հեռատեսության առումով շատ բան ունեն սովորելու։ Սա մի փոքր հղկվելու կարիք ունի, ես կասեի՝ բոլոր քաղաքական ուժերի մոտ։ Բայց այդ տղաները ճիշտ ճանապարհի վրա են, որովհետև իրենք պայքարի ճանապարհի վրա են։ Իրենք չեն հանդուրժում եղած վիճակը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Խոսելով Պավլիկ Մանուկյանի՝ այժմ արդեն Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելու հայտարարության և 2016 թվականին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, վերջինիս հասցեին հնչեցրած կոշտ խոսքերի մասին՝ Սարուխանյանն ասաց՝ երբ Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում էր, ինքը սովորական «կաբինետում» նստած վիճակում չէր, որ վերլուծություններ աներ ու ասեր։
«Ինքը շատ լարված իրավիճակում էր և ցանկացած այլակարծություն, այլ գործողություն քաղաքական այլ ուժերի կողմից դիտվում էր շատ սուր, և գնահատականը կարող էր շատ սուր լինել։ Այսօր Պավլիկ Մանուկյանն ասում է, թե սատարում է Նիկոլ Փաշինյանին, ես չգիտեմ՝ ո՞ր մասով է սատարում, ի՞նչ նկատի ունի։ Օրինակ՝ որոշ առումներով ես էլ եմ սատարում Փաշինյանին, բայց որոշ հարցերում շատ էլ դեմ եմ։ Կոնկրետ՝ սահմանադրական փոփոխությունների հարցով։ Նիկոլ Փաշինյանին առաջինը Պարույր Հայրիկյանը ողջունեց, բայց մինչ այդ համացանցում բոլորը, մեղմ ասած, ձեռք էին առնում Նիկոլ Փաշինյանին, հեգնում էին, ծիծաղում էին։ Բայց հետո մենք բոլորս կանգնեցինք իր կողքին։ Մենք զգացինք, որ մարդիկ միասնականության կարոտ են, ոչ թե առանձին վերցրած Նիկոլի, Գագիկի կամ Պավլիկի»,- ընդգծեց Գագիկ Սարուխանյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր իշխանությունը վերադարձնել ժողովրդին, բայց մինչ այս պահն այդ ուղղությամբ ոչինչ չի արվել. «Հիմա ես սատարե՞մ՝ սատարեմ։ Ես դժգոհ եմ, բայց էլի պետք է սատարեմ, էլի մինչև վերջ պետք է իրեն ասենք, օրական 10 անգամ, եթե պետք է՝ 100 անգամ ասենք՝ կոնկրետ գործողություններ պետք է արվեն։ Ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանն իրեն կախյալ վիճակում պահում հանրապետականների ձայներից ԱԺ-ում, ինձ կարո՞ղ եք բացատրել՝ չեմ հասկանում։ Երբ որ ԱԻՄ-ը նախագիծը տվել է ու ասել՝ ինչպես կարելի է 40 օրում միանգամից ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ունենալ։
Կարո՞ղ եք 3 անգամից գուշակել՝ ո՞վ է ընտրվելու։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ես դե՞մ եմ Նիկոլ Փաշինյանին, թե՞ կողմ։ Ես կողմ եմ, թող ինքն ընտրվի, բայց մյուս կողմից էլ՝ դժգոհ եմ, որ քայլեր չի անում։
Հիմա թե Պավլիկ Մանուկյանը ինչից է գոհ ու դժգոհ, ինչքանով ու ինչ պահերով է սատարում Նիկոլ Փաշինյանին՝ կարող է ինքն ասել»։
Պավլիկ Մանուկյանի նախկին աղմկահարույց հայտարարությունները ՊՊԾ-ում ոստիկանների սպանության մասով Սարուխանյանը չցանկացավ վերլուծել, քանի որ, իր կարծիքով, առաջին հայացքից է դա թափանցիկ երևում, իրականում ստվերային պահեր շատ կան։
«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնության անդամ, զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների մասին, որոնք վերաբերում են Գարեգին Չուքասզյանին, վերջինիս հետ չի խոսել։ Պավլիկ Մանուկյանն իր հարցազրույցում թերահավատորեն է մոտենում կուսակցություն ստեղծելու որոշմանը։ Այս մասով Վարուժան Ավետիսյանն ասաց. «Եթե «Սասնա ծռեր» խմբավորման 2-3 հոգի չեն մասնակցում կուսակցություն ձևավորելու գործընթացին, դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Նրանք շարունակում են մնալ իմ ընկերները։ Եթե իրենք չեն ուզում կուսակցություն, դա չի նշանակում, որ մյուսները չպետք է ուզեն։ Բոլորս պետք է իրար հարգենք, միմյանց իրավունքները հարգենք։ Պավլիկը շարունակում է մնալ իմ ընկերը։ Ես որևէ բացասական վերաբերմունք չունեմ իր նկատմամբ, ընդհակառակը»։
Ավետիսյանի կարծիքով՝ «թյուրիմացային» իրավիճակ է ստեղծվել, որի պատճառը Պավլիկ Մանուկյանի բանտում լինելն է, իրենցից կտրված լինելը։ «Դրանք երևույթներ են, որոնք ամեն մարդ չի կարող պատկերացնել, եթե, Աստված չտա, հայտնվի այդպիսի մեկուսացած վիճակում։ Այնպես որ՝ շատ մեծ նշանակություն չեմ տալիս այս ամենին։ Ամեն բան կհարթվի, կպարզաբանվի, կուսակցությունն էլ կստեղծվի, ընտրություններին էլ կմասնակցենք, ամեն բան լավ կլինի»,- իր խոսքն ամփոփեց Վարուժան Ավետիսյանը։
0 Մեկնաբանություն