ՀՀԿ-ն կարծես թե չի ուզում լքել խորհրդարանը, թեև դեպքերն ու իրադարձությունները այդ ուղղությամբ են տանում. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուրադ Շարմազանովը նշեց. «Խորհրդարանը լքել կամ չլքելը ուզելով չէ: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ խորհրդարանը ընտրվել է լեգիտիմ, օրինական ընտրությունների արդյունքում, միջազգային դիտորդները տվել են հստակ դրական գնահատական, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունները, և մինչև 22թ. այս խորհրդարանն ունի լեգիտիմություն աշխատելու:
Կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ունի իր կարծիքը. ընդունվել է կառավարության ծրագիր, որտեղ նշված է եղել մինչև մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ, ես և ՀՀԿ խմբակցությունը դեմ ենք քվեարկել, և շատ բնական է, որ ՀՀԿն-ն, որն այսօր քաղաքական ընդդիմություն է, շատ կոնցեպտուալ հարցերում ունի Փաշինյանի կառավարությունից տարբերվող կարծիք»:
«Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե հրապարակում հավաքված բազմության պատվերով, այլ ընտրություններով,- ընդգծեց Է. Շարմազանովը: – Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք 5 տարին մեկ ընտրություններ անցկացնում, դե եկեք հավաքվենք հրապարակում, ու եթե էսօր Փաշինյանին են ծափահարում, վաղը Պողոս Պողոսյանին կծափահարեն, ու ասենք՝ Փաշինյա՛ն ջան, դու գնա՛ տուն, էլ վարչապետ չես, Պողոս Պողոսյանն է վարչապետ, որովհետև նրա համար ավելի լավ են գոռում: Մենք ի՞նչ ենք ուզում անել. սահմանադրական երկիր ենք, որտեղ կա իշխանությունների տարանջատում, կա ժողովրդավարություն, թե՞ երկիր ենք, որտեղ գործում է նովգորոդյան վեճերի օրենքը, այսինքն՝ ում համար հրապարակում բարձր գոռում են, նա էլ պետք է կառավարի»:
«Եթե մեր իշխանությունը անսխալական լիներ, մենք այօր կլինեինք իշխանություն: Եթե մենք որևէ սխալ չանեինք և ունենայինք ավելի արդյունավետ կառավարում, այսօր Փաշինյանը իշխանության չէր լինի: Բայց դա չի նշանակում, որ եթե ես իմ կառավարման ընթացքում սխալներ եմ թույլ տվել, ուրեմն այսօր իրավունք չունեմ իմ կառավարությանը և նրա վարչապետին, եթե սխալ են անում, այդ սխալի մասին ասել»,- նշեց ՀՀԿ մամլո խոսնակը:
Շարմազանովի խոսքով՝ իշխանությունը փոխվել է ոչ թե լեգիտիմության պատճառով, այլ գեներացված դժգոհության: Նրա դիտարկմամբ՝ պետությունը գնում է դեպի դիկտատուրա: Շարմազանովի կարծիքով՝ Փաշինյանը ոչ միայն լավ վարչապետ չի կարող լինել, այլ նաև գերագույն գլխավոր հրամանատար:
Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել քաղաքական տարբեր ուժերի՝ այդ թվում նաև Քոչարյանի հետ:
Մանրամասն՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն