Գործող ընտրակարգը, որը նախատեսում է տարածքային ցուցակներով ընտրություն, հանգեցրեց նրան, որ տարածքներում մրցակցություն էր գնում միլիարդատերերի եւ քաղաքական գործիչների միջեւ, դրա արդյունքում քաղաքական գործիչները հայտնվել էին ծանր իրավիճակում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Շատ դժվար էր այդ պայմաններում քաղաքական խոսք տեղ հասցնել եւ գաղափարների պայքար տեղի չէր ունենում: Հիմա կառավարությունն առաջարկում է անցնել այն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որի մասին ընդդիմությունը միշտ խոսել է: Երբ ասվում է փակ ցուցակ, դա, բնականաբար փակ չէ: Դա ցուցակ է, որը կազմում է քաղաքական ուժը, որը ներքին քննարկումների ժամանակ պետք է այնպես անի, որ մարզային ներկայացվածություն ունենա: Եթե մարզերից մարդիկ չի ներգրավում, այդ մարզերից ձայներ չի ստանա: Այսինքն վտանգը, որ կունենանք երեւանցիների խորհրդարան, այդ վտանգը կա նաեւ կուսակցության ներսում»,-ասաց Մարուքյանը:
0 Մեկնաբանություն