Քաղաքականություն

«Պետք է ռադիկալ փոփոխությունների ենթարկվի ողջ մարզպետարանի աշխատելաոճը»: Անդրեյ Ղուկասյան

Հոկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում Լոռու մարզպետարանի աշխատակազմին, գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Իր խոսում մարզպետը նշել է, որ մարզի ցանկացած կառույցում յուրաքանչյուր խախտում, վրիպում, բողոք, կոռուպցիոն ցանկացած դրսևորում համարելու է նախ և առաջ իր բացթողումը և ձեռնարկելու անհրաժեշտ միջոցները դրանք վերացնելու, ինչպես նաև այդ շղթաներում ներգրավված անձանց օրենքի ուժով պատասխանատվության ենթարկելու: «Պետք է ամեն ինչ անենք մարզպետարանում, համայնքապետարաններում, մարզային ու համայնքային ենթակայության բոլոր կառույցներում կոռուպցիոն ամենատարբեր դրսևորումները բացառելու համար»,-ասել է Ա. Ղուկասյանը: Նա նաև հավաստել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու թափուր աշխատատեղերի մրցույթները, մարզային կառույցների, համայնքապետարանների և համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսական բոլոր հոսքերը: «Մարզի տարածքում և մարզպետարանում գործելու է կադրային քաղաքականության 1 մեխանիզմ՝ գիտելիքի, կրթական ցենզի, փորձառության ու աշխատանքի որակի մեխանիզմը: Բացառվելու է ծանոթ-խնամի-բարեկամով, անձնական կապերի հաշվին կամ մտերմությամբ տարաբնույթ հարցերի կարգավորման ու աշխատանքի տեղավորման տարբերակը: Հեղափոխություն արած լոռեցին մեծ սպասելիքներ ունի, և մենք պետք է արդարացնենք նրա բոլոր հույսերը,-իր խոսքը եզրափակելով՝ նշել է Ղուկասյանը: Հանդիպման ավարտին նախարարը մարզպետի և ուժային կառույցների ղեկավարների հետ կարճատև խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *