Քաղաքականություն

Ռ․ Քոչարյանը հայտնել է ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RIA Novosti ռուսական գործակալությանը՝ հայտարարելով, որ պատրաստվում է ստեղծել ընդդիմադիր կուսակցություն: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, պետք է մտածել այդ մասին»,-ասել է Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի՞ պատրաստվում նոր կուսակցություն հիմնել: Նախկին նախագահի խոսքով՝ կուսակցության անվանումը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է ադապտացվեն… Այժմ ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում և կարծում եմ, որ պետք է լցնել այն՝ ի շահ երկրի»,-հավելել է Քոչարյանը: Նա նաև նշել է, որ բարձր պաշտոն զբաղեցնելու որևէ ձգտում չունի: «Եթե նման ձգտում լիներ, 10 տարի չէի ապրի իմ մասնավոր կյանքով: Իրավիճակն այնպես է զարգանում, որ հանգամանքն է քեզ ներքաշում գործընթացի մեջ»,-հավելել է Քոչարյանը: Խոսելով գալիք արտահերթ ընտրություններին չմասնակցելու ցանկության մասին՝ նախկին նախագահն ասել է, որ պարզապես չի հասցնում: «Անկուսակցական եմ եղել, ինչը նշանակում է, որ պետք է զրոյից նոր կուսակցություն հիմնել, այլ ոչ թե վերականգնել այն, ինչ եղել է: Սովորաբար, որո՞նք են առաջին գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Սկսում ես ուշադրություն դարձնել այն մարդկանց, որոնց ճանաչում ես, որոնց հետ շփվել և աշխատել ես» ,-ասել է Քոչարյանը:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ պետք է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լեցուն մարդկանց: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *