ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք էին իրականացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էր 45 պատգամավոր,սակայն Գլխավոր դատախազությունը մերժել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների ստորագրություններով երաշխավորագիրը:
Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը քննեց երկու օր, որից հետո հայտարարվեց, որ դատարանի վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
0 Մեկնաբանություն