Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի մեջ. այսօր սպասվում է Վերաքննիչ դատարանի որոշումը

Այսօր քննվելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վերաքննիչ դատարանում՝ խափանման միջոցը փոխելու կամ կալանքը գրավով փոխելու մասին։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը պետք է մերժի։

«Կարծում եմ, որ փաստաբանների վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը կմերժի։ Գործի շահերից ելնելով՝ ես գտնում եմ, որ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը, քանի որ դա միակ խափանման միջոցն է, որը ի զորու է պատշաճ պահել մեղադրյալի վարքագիծը»,- Հ1-ին տված հարցազրույցում երեկ երեկոյան ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

ՀՀԿ գործիչները կարծես թե սպասում էին ՀՔԾ պետի հարցազրույցին՝ դրան արձագանքելու համար։ Համենայնդեպս, երեկ ուշ երեկոյան հնչեցին ՀՀԿ գործիչների արձագանքները։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ հրապարակային հայտնած կարծիքը դատարանի որոշումից առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է հակաժողովրդավարական և շատ բաց տեքստով միջամտություն ու ճնշում դատարանի վրա: «Դատական նիստից առաջ որքանո՞վ է օրինական նման կարծիք հայտնելը ՀՔԾ պետի կողմից: Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս… Դուք արդեն առանց դատարանի որոշման որոշել եք՝ ո՞վ է մեղավոր, ով՝ չէ, ո՞ւմ կալանքը պետք է փոխել, ումը՝ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը:

Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038-ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։ Դե, Wikileaks-ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ որպես փաստ՝ զավեշտ։ Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է. սա էլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումն է։

Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքի քննարկումից առաջ դատարանի վրա աննախադեպ ճնշում գործադրել են հենց Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։ Խորհրդարանի 45 պատգամավորների երաշխավորագրությունները դրա դրսևորումներից մեկն են։ Սակայն ավելի ուշագրավ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս հնչեցրած հայտարարությունը, որը բաց տեքստով միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին ու անթաքույց փորձ ազդելու Հայաստանի արդարադատության վրա։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Լավրովի հարցազրույցից հետո Շարմազանովը կամ Աշոտյանը հանդես չեկան ահազանգով, որ Ռուսաստանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին. դա կլիներ անհամեմատ ավելի համարժեք գնահատական, քան ՀՀԿ գործիչների երեկվա հայտարարությունները։

Արդյո՞ք ՀՀԿ-ն վերջնականապես դարձել է Ռոբերտ Քոչարյանի և ռուսական շահերի սպասարկուն՝ ակնհայտորեն ձեռնոց նետելով հեղափոխությանը, թե՞ Սասուն Խաչատրյանի խիստ հիմնավոր բացատրություններն են հունից հանել ՀՀԿ գործիչներին։

ՀՔԾ պետի երեկվա հարցազրույցը չի կարող համարվել դատարանի վրա բանեցված ճնշում՝ թեկուզ այն պատճառով, որ առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորել է հենց ՀՔԾ միջնորդության հիման վրա, և այս առումով այդ կառույցի դիրքորոշումները վաղուց հայտնի են բոլորին, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանին, որն այսօր քննելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Շատ ավելի տրամաբանական է անել հակառակ պնդումը՝ ՀՔԾ պետը երեկ փորձել է չեզոքացնել այն արտաքին և ներքին ճնշումները, որոնք գործադրվում են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ուղղությամբ։

Էլ չենք ասում այն մասին, որ 0038 հրամանի բովանդակության մասնակի գաղտնազերծումից հետո ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի հասարակության դեմ թշնամական գործողություն է նախապատրաստել, ու այս բացահայտումից հետո նրա կողմնակիցներն առնվազն պետք է լռեին։ Սակայն Արմեն Աշոտյանը քարոզչական մանիպուլյացիայի է դիմում անգամ այս իրավիճակում։ Նա պնդում է, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Wikileaks-ի արտահոսքի հիման վրա։

Սասուն Խաչատրյանի երեկվա ասածը միանգամայն այլ բովանդակություն ուներ. «Ըստ Wikileaks-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում է եղել, որ ինքը կայացնի Սերժ Սարգսյանի օգտին որոշում: Այս վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվեց. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա: Նրան մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ 332 հոդվածի 3-րդ մասով: Դա ծանր հանցանք է և մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը ստորագրությունն է՝ չհեռանալու մասին»:

ՀՔԾ պետը հանրամատչելի հայերենով ասել է, որ վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է, իսկ դա միանգամայն տարբեր է այն պնդումից, որն անում է Աշոտյանը։

Վերաքննիչ դատարանն այսօր կայացնելու է որոշում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։ Գործում առկա բոլոր փաստերը հուշում են, որ երկրորդ նախագահը պետք է մնա կալանքի մեջ. դատարանի ցանկացած այլ որոշում կհամարվի Մարտի 1-ի գործի օբյեկտիվ քննությանը և օրինականությանը նետված ձեռնոց։ Հայաստանի արդարադատության համակարգը բացառիկ հնարավորություն ունի ապացուցելու, որ չի տրվում քրեաօլիգարխիայի ու նրա ռուսական հովանավորների ճնշումներին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *