Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:
Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը վերաբերել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
«Ուզում է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել ու հիմա հղում է անում իր անձեռնամխելիության վրա: Այնինչ, այդպիսի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չի եղել, այդպիսի արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի, որ ինքը մեղավոր է ճանաչվել: Իսկ վարչապետն այդպիսի արտահայտություններ է արել, մենք գտնում ենք, որ սա անթույլատրելի է»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ասաց, որ պահանջը մեկն է՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար: Հայկ Ալումյանն ասաց, որ փոխհատուցման պահանջ չկա:
Մանրամասներն՝ այստեղ։
0 Մեկնաբանություն