Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին որոշումն իրավաչափ չէ. փաստաբան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մամուլից է տեղեկացել, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։
«Կարծում ենք, որ որոշումն իրավաչափ չէ, կաշխատենք վաղն ինչ-որ բաներ պարզել: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո որեւէ քրեական հետապնդում համարվող գործընթաց, այդ թվում այլ խափանման միջոց կիրառելու որոշում չպետք է լիներ, քանի դեռ Վերաքննիչի որոշումն ուժի մեջ է»,- ասում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց չի ընտրվել:
0 Մեկնաբանություն