Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա և չի հարցաքննվի: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց միաժամանակ նշել, որ Քոչարյանը գտնվում է Եվրոպայում և մինչեւ հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: Թե ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՔԾ-ն այս իրավիճակում, դեռևս անորոշ է:
Այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան չի վերադառնա և ՀՔԾ չի ներկայանա առհասարակ: Համենայն դեպս` ինքնակամ:
Իհարկե, կոնկրետ փաստեր, ապացույցներ չունենք, սակայն արժանահավատ է թվում այն վարկածը, որ Ռոբերտ Քոչարյանը երկրից հեռացել է` հենց Մարտի 1-ի գործում բեկումնային շրջադարձի մասին տեղեկանալուց հետո:
Հեղափոխությունն առայժմ հաղթել է քաղաքական իշխանության կամ պետական համակարգի բուրգի մակարդակում. քրեաօլիգարխիան դեռ շատ ամուր ներկայություն ունի հատկապես իրավապահ համակարգում, որի հետ սերտաճած է եղել մոտ երկու տասնամյակ:
Դատեք ինքներդ. պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվում ու պարզվում է` նա երկրում չէ: Երկրում չէ նաև Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրյալի կարգավիճակ կստանա հենց առաջին հարցաքննությունից հետ: Սերժ Սարգսյանի տխրահռչակ եղբորորդու` Նարեկ Սարգսյանի կալանավորման վճիռը կայացվում է, այսպես ասած, պոստֆակտում, երբ նա այլևս երկրում չէ: Նույնիսկ հասցրել է թաքնվել Սերժ Սարգսյանի եղբայր Լևոնը, որը մոտ տաս օր է` կասկածյալի կարգավիճակ ունի և սկզբունքորեն պետք է գտնվեր իրավապահների ուշադրության կենտրոնում:
Թվում է` մանրուք է, սակայն սատանան հենց մանրուքների մեջ է: Տվյալ դեպքում` նման մանրուքներից կարող է ձևավորվել ոչ այնքան բարենպաստ հանրային կարծիք:
Նոր կառավարության չարակամները կարող են միտումնավոր ասեկոսեներ տարածել, թե կալանավորման որոշումներ կայացվում են մարդկանց նկատմամբ, որոնք միևնույն է` հեռացել են երկրից և դրսերում վայելում են իրենց բուրժուական հաճույքները:
Այսինքն` նոր իշխանությունը կարող է հանիրավի մեղադրվել PR նպատակով մասկի-շոուներ կազմակերպելու մեջ:
Կարող են ասել նաև, որ նոր կառավարությունը թույլ է, որովհետև քրեաօլիգարխիայի կեղտոտ թաթերը դեռ հասնում են իրավապահ մարմիններին, որտեղ գտնվող նրա մարդիկ ավելի օպերատիվ են գործում, քան թիրախի հետևից կհասնեն գնալ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը:
Մի քանի օր առաջ հրապարակախոս, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը կարծես արտահայտելով հասարակական տրամադրություններն ասել է. «Երբ ասում ենք՝ այսօր բացվել է այս գործը, ես առանձնապես լավատես չեմ այս ամեն ինչում, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ, այս գործի գլխավոր անձը Ռոբերտ Քոչարյանն է։ Ընդհանրապես ասում են, որ աստիճանները վերևից են մաքրում, ոչ թե ներքևից են մաքրելով բարձրանում»։
Սա այն դեպքն է, երբ Պասկևիչյանն արտահայտել է հանրային հավաքական տրամադրությունները:
Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության խնդիրն ավելի բազմաշերտ է և չի սահմանափակվում միայն իրավական բաղադրիչով:
Հասարակությունը ցանկանում է օր առաջ ազատվել միֆերից, բացասական իմաստով` հեղինակություններից, սիմվոլներից, որոնք խորհրդանշում են ահաբեկչության և թալանի քսանամյակը: Առանց դրա` դժվար է խոսել հեղափոխության լիարժեք հաղթանակի մասին:
Սակայն գոյություն ունի նաև պրակտիկ քաղաքական խնդիր. Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ քրեաօլիգարխիայի տարբեր սեգմենտների համար մագնիս դեր է կատարում: Հասարակությունն, իհարկե, դեմ չէ, որ նա մագնիսի դեր կատարի, սակայն` բանտում, իր հետևից տանելով արյունոտ քսանամյակի ոճրագործության առանցքային դեմքերին:
ՀՔԾ-ն պետք է ունենա իր ժամանակացույցը` դիմելով դրանից բխող հարկադրանքի քայլերի: Այլ խոսքով` Քոչարյանը պետք է բերվի Հայաստան ու հնարավորինս արագ:
0 Մեկնաբանություն